Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 3600 եվրո վճարել Ռոբերտ Նիկողոսյանին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին երեք ամսվա ընթացքում 3 հազար 600 եվրոյին համարժեք դրամ վճարել Նիկողոսյանին:

Նիկողոսյանը դատարան էր դիմել՝ բողոքելով, որ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) չի կատարել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2009 թվականին Նիկողոսյանն ազատվել էր աշխատանքից Պետեկամուտների կոմիտեում, ինչից հետո դիմել էր դատարան՝ ՊԵԿ-ից պահանջելով վերականգնել իրեն պաշտոնում և փոխհատուցել պարտադիր բացակայության հետևանքով կրած վնասները:

2009-ի օգոստոսի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացել հօգուտ Նիկողոսյանի: Մասնավորապես, դատարանը որոշում էր կայացրել, որ Նիկողոսյանը պետք է վերականգնվի իր նախկին աշխատատեղում և պետք է փոխհատուցում ստանա: ՊԵԿ-ը բողոքարկել էր դատարանի այդ որոշումը, սակայն Վերաքննիչ, ապա նաև Վճռաբեկ դատարաններն ուժի մեջ էին թողել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2010-ի հունվարի 27-ին դատարանը կարգադրում է վերականգնել Նիկողոսյանին իր աշխատատեղում: Դատական ակտերի հարկադիր կատարողն էլ որոշում է կայացնում պարտավորեցնել ՊԵԿ-ին կատարել դատարանի որոշումը: Սակայն 2010-ի մարտի 23-ին ՊԵԿ-ը նամակով դիմում է ԴԱՀԿ-ին՝ տեղեկացնելով, որ անհնար է վերականգնել Նիկողոսյանին իր նախկին աշխատատեղում, քանի որ Կոմիտեի կառուցվածքը փոփոխվել է, և Նիկողոսյանի նախկին պաշտոնն այլևս գոյություն չունի: Ապրիլին նրան վճարվում է 937 հազար 114 դրամ, ինչից հետո էլ ԴԱՀԿ-ն որոշում է դադարեցնել իր կատարողական վարույթը, քանի որ անհնար էր կատարել դատարանի որոշումը՝ վերականգնել Նիկողոսյանին իր նախկին աշխատատեղում:

Նիկողոսյանը դատարանում վիճարկում է նաև ԴԱՀԿ-ի այս որոշումը: Այս գործերով վերջին որոշումը կայացվում է 2016 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG