Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն է ներկայացրել արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը՝ Կիպրոս աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը բարձր է գնահատել ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը:
Քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորությունը, անդրադարձել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընթացող զարգացումներին և ԵԽԽՎ-ի հանդեպ վստահության վերականգնման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։
Յագլանդը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: