«Ծառուկյան դաշինքում» պատգամավորական մանդատները վերցնելու և կրկին վայր դնելու աղմկոտ գործընթացի շուրջ կրքերն այդպես էլ չեն հանդարտվում: Դաշինքի 3 պատգամավորներ՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանն այսօր դարձյալ հրաժարականի դիմումներ ներկայացրեցին: Այդ մասին նիստի ժամանակ տեղեկացրեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:
«Եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չեն վերցնում հրաժարականի մասին իրենց դիմումը, հրաժարականը համարվում է ընդունված»,- հիշեցրեց ԱԺ նախագահը:
Հրաժարականի դիմումներ ներկայացրած հիշյալ երեք պատգամավորները դեռևս մայիսի 2-ին էին ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել ԿԸՀ, հրաժարվելով մանդատներից, սակայն, հաջորդ իսկ օրը գնացել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով և պահանջել իրենց մանդատները: Այսօր նրանք արդեն երկրորդ անգամ հրաժարվեցին պատգամավորությունից: Թե ինչո՞ւ՝ «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այդ հարցին ի պատասխան նշեց՝ նրանցից պետք է ճշտել:
Գագիկ Ծառուկյանի խոսնակ, դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նշված պատգամավորներից 2-ի՝ Խաչիկ Մանուկյանի և Հարություն Ղարագյոզյանի հրաժարման դրդապատճառների մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ վերջիններս չեն մասնակացել երկու օր առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ տեղի ունեցած խմբակցության նիստին: Այսօր պարզապես նրանցից մանդատները վայ դնելու մասին դիմումներ են ստացել և դրանք ներկայացրել են Ազգային ժողովի նախագահին:
Ինչ վերաբերում է Արտյոմ Ծառուկյանին, ապա նա, Տոնոյանի խոսքով, խմբակցության նիստի ժամանակ նախապես տեղեկացրել էր, որ մանդատը վայր կդնի, եթե Գագիկ Ծառուկյանը նման որոշում կայացնի: Տոնոյանից փորձեցինք նաև ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Խաչիկ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով լքել է Հայաստանը: «Որևէ տեղեկություն իր աշխարհագրական դիրքի մասին չունեմ, տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Ուշագրավ է, որ մանդատներից հրաժարված՝ վերը նշված 3 պատգամավորներից բացի, «Ծառուկյան դաշինքի» ևս 3 պատգամավորներ երկու օր առաջ ինքնաբացարկի դիմումներ են գրել:
«Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը և Սերգեյ Բագրատյանը երկու օր առաջ տեղի ունեցած՝ «Ծառուկյան դաշինքի» ֆրակցիայի նիստի ժամանակ, որը նախագահում էր ֆրակցիայի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ներկայացրել են մանդատից հրաժարվելու մասին դիմումներ»,- ասաց Տոնոյանը, շարունակելով․ «Ինչ վերաբերում է հիմնավորումներին՝ մեկը պայմանավորել է այն հանգամանքով, խոսքը Վահան Կարապետյանի մասին է, որ, ասենք՝ ակնկալել է 20 հազար ձայն, ընտրողների վստահության էսպիսի քանակ և հավաքել է 8000 ու մի քանի հարյուր ձայն:
Արարատ Զուրաբյանն, ընդհանրապես, կարծեմ, հետընտրական շրջանի տրամադրություններով պայմանավորված․․․ բայց, հետո խոսել է պարոն Ծառուկյանի հետ, որոշել է շարունակել իր պատգամավորական գործունեությունը: Ես ծանոթ եմ միայն պարոն Զուրաբյանի հայտարարությանը, որում նա ասել է, որ խոսել է [Գագիկ Ծառուկյանի հետ], և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը»:
Հավելենք, որ «Ծառուկյան դաշինքում» առայժմ չեն որոշել, թե ովքեր են փոխարինելու այսօր մանդատներից հրաժարված 3 պատգամավորներին: