Նյու Յորքի կենտրոնում արագ ընթացող մարդատար մեքենան, դուրս գալով մայթ, հարվածել է անցորդներին: Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրի սահմաններում Մանհեթենի կենտրոնում՝ «Թայմզ» հրապարակում (Times Square):
NBC-ն, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ մեկ մարդ մահացել է և մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան: Ավելի ուշ պաշտոնապես հաղորդվեց, որ մահացածը 18-ամյա կին է, իսկ վիրավորների թիվը 23-ն է: Մեքենայի վարորդը տեղում ձերբակալվել է, նա ենթարկվել է արյան մեջ ալկոհոլի պարունակությունը ստուգող փորձաքննության:
CBS-ը, վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությունը, հաղորդել է, որ միջադեպը ահաբեկչության հետ կապ չունի: Ոստիկանության մամուլի խոսնակը France-Presse-ին ասել է, թե դա ավելի շատ նման է ավտովթարի, քան որևէ այլ բանի:
NBC-ն հաղորդել է, որ ամեն դեպքում, Հետաքննությունների դաշնային բյուրոն և հակաահաբեկչական միավորումները միջադեպին արձագանքել են: Իրավապահ պաշտոնյաները հայտնել են, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն աշխատում է ոստիկանության հետ:
Ականատեսները Reuters-ին պատմել են, որ մուգ կարմիր Honda մակնիշի մեքենան ընթացել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ, դուրս եկել մայթ, հարվածել անցորդներին ու բախվելով սյուներին՝ կանգ առել: Ամերիկյան լրատվամիջոցները ուղիղ հեռարձակմամբ ցույց էին տալիս վիրավորվածներին, միջադեպի շրջակայքը, որը ոստիկանությունը փակել էր, նաև երևում էր, որ ոստիկանները ոստիկանական մեքենա են նստեցնում մուգ հագուստով մի երիտասարդի: Յուրաքանչյուր րոպե լուրերը թարմացվում էին:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն հայտնել է, որ վարորդը Նյու Յորքից է, ԱՄՆ-ի քաղաքացի, ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում, նախկինում դատվածություն ունի:
Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեյմս Օ'Նեյլին հայտնեց վարորդի անունը՝ Ռիչարդ Ռոջաս, 26 տարեկան:
Իրավապահները պարզել են, որ վարորդը նախկինում ձերբակալվել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար:
Fox News-ը հաղորդել է, որ վիրավորվածներից մեկը մահացածի կրտսեր քույրն է, և որ 23 վիրավորների թվում մի քանիսի վիճակը ծանր է գնահատվում:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է միջադեպի մասին և կշարունակի թարմացված տեղեկություններ ստանալ իրավիճակի զարգացմանը համապատասխան: