Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Մասշտաբները չեն բարձրացնում, որ մերոնք չօգտագործեն լուրջ զենքեր


Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արկակոծումը չի դադարում:

Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում է, որ երեկ ադրբեջանական կողմը ականանետեր, նռնականետեր ու հրանոթներ է կիրառել։ Ընդհանուր առմամբ 40-ից ավելի արկ է արձակվել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ։ Հրադադարը խախտվել է նաև հրաձգային զինատեսակներից:

ՊԲ-ն պնդում է, որ այս գիշեր ևս կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել, սակայն այլ մանրամասներ չի հաղորդում։

Երեկ Պաշտպանության բանակը ադրբեջանական դիրքերի հրետակոծության կադրեր ներկայացրեց՝ դրանք որակելով կանխարգելիչ գործողություններ։

Ադրբեջանական մամուլը ևս արդեն երկրորդ օրն է հայտարարում է, թե հայկական կողմը խոշոր զենքերից գնդակոծում է ադրբեջանական դիրքերը։ Պաշտոնական Բաքուն առաջին անգամ պնդում է, որ հայկական կողմը նաև մարտական անօդաչու թռչող սարքեր է կիրառել։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր զինատեսակի առկայությունը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց․ - «Հայկական կողմը կարող է շատ բան օգտագործել: Ամեն ինչ չէ, որ մեկնաբանելու եմ: Հայկական կողմը ունի իր մշտական նոր ձեռք բերումները, զինանոցի համալրման ծրագրերը, և դա մշտական գործընթաց է»:

Հովհաննիսյանն ասաց, որ այս գործողությունները կարելի է նաև երկու օր առաջ Ղարաբաղում ՕՍԱ զենիթահռթիռային համալիրի և ոչ-մարտական տեխնիկայի հրթիռակոծման պատասխան համարել։

Պաշտպանության բանակը պնդում է, որ հրետակոծության արդյունքում ադրբեջանական կողմը կորուստներ ունի, մինչդեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ անօդաչուների և հրետանու օգտագործումը իրենց էական վնաս չի հասցրել՝ հավելելով, որ հայկական կողմը նաև բնակավայրերի ուղղությամբ է կրակել։

Չնայած արդեն երրորդ օրը շարունակվող ինտենսիվ գնդակոծություններին, կողմերը պնդում են՝ սահմանում իրավիճակը հանգիստ է և վերահսկելի։

Սահմանային նոր լարվածությունը աճեց Ադրբեջանի կողմից ՕՍԱ հակաօդային պաշտպանության կայանը հրթիռակոծելուց հետո։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, այս տարվա փետրվարին անհաջող դիվերսիոն գործողությունից հետո Ադրբեջանը փոխեց տակտիկան և սկսեց անօդաչուների միջոցով լարվածությունը պահել, իսկ այս դեպքում ՕՍԱ-ն խանգարում էր իրենց․ - «Իսրայելական սարքեր են: Եթե մոթեդիկ, պարզ մոտեցում ցուցաբերվի Ղարաբաղի բանակի կողմից, ու էդ սարքերը սկսեն խփել, Ադրբեջանը արդեն կարող է լուրջ խնդիրներ ունենալ ընդհանրապես․․․ Ես չգիտեմ, Իսրայելը կտրամադրի՞, թե՞ էլ չի տրամադրի»:

Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը բանակցություններում զիջումների հասնելու համար է իրավիճակը պարբերաբար սրում, բայց դրանք պատերազմական գործողությունների այժմ դժվար թե վերածվեն․ պատերազմ սկսելու համար Բաքվին արտաքին աջակցություն է պետք․ - «Մասշտաբները չեն բարձրացնում, որ, ասենք, մերոնք չօգտագործեն լուրջ զենքեր: Այս տարի Հայաստանի բանակն էլ ստացավ նորագույն զենքեր ու, բնական է, կարող էր օգտագործել: Դրան չեն հասցնում»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով Պաշտպանության բանակի գործողությունները՝ ասաց, որ իրենք ակտիվորեն պաշտպանվում են և դրա համար օգտագործում են իրենց ունեցած զենքը․ - «Պատերազմական գործողությունների վերսկսումը կախված է՝ թե ինչքանով ենք մենք պատրաստ: Ինչքան ավելի պատրաստ լինենք, այնքան ավելի քիչ է լինելու հավանականությունը: 2016 թվականի ապրիլին հակառակորդը թերի հաշվարկներ էր արել՝ կրկին անգամ պարտվելով: Հիմա անցել է ընդամենը մեկ տարի: Որպեսզի նրանք մոռանան այդ ամենի մասին, պետք է բավականին երկար տարիներ անցնեն»:

Բաբայանի խոսքով, Պաշտպանության բանակը շարունակելու է պատասխանել ադրբեջանական կողմի կրակոցներին, քանի որ դա այժմ խաղաղությունը պահպանելու միակ միջոցն է։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով, ապրիլյան պատերազմից հետո շատ հայտարարություններ եղան, բայց հայկական կողմի քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ են պետք, որպեսզի Ադրբեջանին զսպելու գործոններ ստեղծվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG