Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը


Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ 12-ը: «Ելք»-ի թեկնածու Էդմոն Մարուքյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 12, դեմ՝ 88 պատգամավոր:

Արա Բաբլոյանի թեկնածությունը պաշտպանեց ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրած Դաշնակցությունը: Այս երկու ուժերը խորհրդարանում ունեն 65 մանդատ:

31 մանդատ ունեցող «Ծառուկյան դաշինքը», ըստ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, խղճի մտոք քվեարկելու որոշում էր կայացրել: Ինչպես ցույց տվեցին քվեարկության արդյունքները, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցության պատգամավորներից շատերը կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների նման քվեարկել էին Արա Բաբլոյանի օգտին:

Նիկոլ Փաշինյանն ամբիոնից արձագանքեց քվեարկության արդյունքներին․ - «Տարօրինակ և ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի Հանրապետական իշխող կուսակցության, և ոչ թե ընդհակառակը»:

Մինչև խորհրդարանի ամբիոնին մոտենալը 6-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր նախագահը սեղմեց իր մրցակից Էդմոն Մարուքյանի ձեռքը:

70-ամյա Արա Բաբլոյանը նախորդ գումարման Ազգային ժողովում Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, խորհրդարանում երբեք աչքի չի ընկել քաղաքական ելույթներով: Հայտնի մանկաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1991-1997 թվականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, եղել է Առողջապահության նախարար: Մինչև 2007 թվականին պատգամավոր դառնալը ղեկավարել է «Արաբկիր» բժշկական համալիրը: Այժմ համալիրի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Բաբլոյանի որդին:

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում Արա Բաբլոյանը չորրորդն էր: Ինչպես ինքն ասաց «Ազատության» հետ զրույցում, խորհրդարանի խոսնակ լինելու առաջարկը Սերժ Սարգսյանը երկու օր առաջ է արել: Իր մտքով չի անցել, թե երբևէ Ազգային ժողովի նախագահ կդառնա․ - «Սա այնպիսի կարևոր առաջարկ է, որ քննարկման ենթակա չի: Շատ խոսեցինք, շատ հարցեր քննարկեցինք, բայց տատանվել՝ ընդունել թե ոչ, էդպես չեղավ»:

Մինչև քվեարկությունը Արա Բաբլոյանը իր ելույթում կարծիք հայտնեց, թե խորհրդարանական վերջին ընտրությունները տարբերվել են նախորդներից՝ խախտումներն ավելի քիչ են եղել, կեղծիքները բացակայել են: Հավաստիացրեց, թե իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության բարձրացման կողմնակից է:

Երբ Էդմոն Մարուքյանը Բաբլոյանի կարծիքը հարցրեց միմյանց փոխարեն քվեարկելու պատգամավորների պրակտիկայի մասին, վերջինս խոստովանեց․ - «Եղել է դեպք, որ ինքս քվեարկել եմ, որի համար ներողություն եմ խնդրել ամբողջ հանրության առջև»:

9 պատգամավոր ունեցող «Ելք»-ի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, մասնագիտության իրավաբան Էդմոն Մարուքյանն էր: 5-րդ գումարման Ազգային ժողով ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով Վանաձորից:

Իր ծրագրերը ներկայացնելիս նա ասաց, որ ընտրվելու դեպքում կբարձրացնի խորհրդարանական վերահսկողության մակարդակը, հրատապ կարգով քննարկման կդնի հասարակությանը հուզող հարցերը, իր ղեկավարության օրոք չեն լինի արտոնյալ պաշտոնյաներ, որոնք չեն բարեհաճի ներկայանալ Ազգային ժողովի քննարկումներին՝ ինչպես եղել է բազմիցս: Խոստացավ, թե Ազգային ժողովը չի լինի թերֆինանսավորվող կառույց, կբարձրացնի խորհրդարանի աշխատակազմի աշխատավարձերը:

Հանրապետական Գագիկ Մելիքյանը, լսելով Մարուքյանին, որոշեց կիսել իր տպավորությունը․ - «Դուք պատկերացնում եք, թե Ազգային ժողովի նախագահը հիմնարկի ղեկավար է, կամ պետ: Ես կարծում եմ, որ Ազգային ժողովի նախագահը, ինչպես «ԱԺ կանոնակարգ» օրենքով ընդունված է, խոսնակն է, Ազգային ժողովի խոսնակն է, ունի նաև փոխխոսնակներ: Եվ նրա իրավունքների մեջ չի մտնում կարգադրել պատգամավորներին, որոնք ունեն իրեն հավասար իրավունքներ»:

Մարուքյանի արձագանքը․ - «Ես որևէ կերպ չեմ կարող հիմնարկ համարել այս վեհ կառույցը: Եվ անձամբ Ձեզ կոչ եմ անում քվեարկել իմ օգտին, և Դուք չեք փոշմանի, ես որևէ օրենք չեմ խախտի, իմ լիազորությունների շրջանակներում Դուք կտեսնեք, թե ինչպես է Ազգային ժողովի դերը բարձրանում օրեցօր»:

Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ) Մարուքյանին հիշեցրեց նրա օրենսդրական նախաձեռնություններից մեկը․ - «Նախորդ գումարման ընթացքում փորձում էիք անցկացնել, որ խորհրդարանականները զինված լինեն, զենք ունենան: խստորեն հետևելու է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ներկայանան Ազգային ժողով: Կուզենայի իմանալ ինչպես եք մեկնաբանում Ձեր այդ ձգտումը յուրաքանչյուր պատգամավորին օժտել տաբելային զենքով, և խորհրդարանական ավանդույթը՝ բանակցել, կոմպրոմիսների գալ, սեփական կարծիքը անվրդով և անխռով ներկայացնել»:

«Բնավ ես երբեք չեմ ասել, որ պատգամավորները պետք է զենք ունենան՝ բանավեճերում օգտագործելու համար, կամ մշտական հանձնաժողովներում, կամ նախագիծը ներկայացնելու ժամանակ: Իսկ Ձեր հարցից էդպես թվաց: Պարոն Հարությունյան, այո՛, ես գտնում եմ, որ եթե մեկ պատգամավոր ունի զենք կրելու իրավունք, ուրեմն բոլորը պետք է ունենան զենք կրելու իրավունք», - հակադարձեց Մարուքյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիմնավորեց, թե ինչու պետք է ընտրել Էդմոն Մարուքյանին․ - «Ուզո՞ւմ եք ցույց տալ Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը․․․ Ադրբեջանում, ես երաշխավորում եմ, փոքրամասնության ներկայացուցիչը չի կարող լինել խորհրդարանի նախագահ:՚ Հիմա ապացուցեք, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է, ստեղծեք էդ նախադեպը, և ես երաշխավորում եմ՝ միջազգային բոլոր լրատվամիջոցները տասնհինգ օր կխոսեն Հայաստանի մասին»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն նկարագրեց, թե ով է Ազգային ժողովը խոսնակը իր կարծիքով․ - «Ազգային ժողովի նախագահ լինելը դա քաղաքական դաշտում գործիք է, որը կարողանա ղեկավարի, կարգավորի և լինի Ազգային ժողովի խոսնակը: Նա թելադրող չէ, նա նաչալնիկ չէ, ինչպես այստեղ նշվեց»:

Փաշինյանն արձագանքեց․ - «Դրանով այս ամբողջ մեր քննարկման գնահատականը տրվել ա․ պետության երկրորդ դեմքի մասին Հանրապետական խմբակցությունը ասում ա՝ դե խոսնակ ա պարզապես: Ես կարծում ես, սա նաև պարոն Բաբլոյանի նկատմամբ շատ ուղղակի վիրավորանք է պարոն Բաղդասարյանի կողմից»:


Բաբլոյանը, պարզվեց, լավատեղյակ էր նաեւ ընդդիմադիրների նախընտրական կարգախոսից․ - «Ուզում եմ օգտակար լինել և ասել, որ իսկապես ելք կա: Որպեսզի կարողանանք երկուսով գնանք քվեարկության, ապա պետք է խնդրեմ նախագահողին տա ձեզ հնարավորություն, որ դուք երդվեք, որովհետև մենք բոլորս երդվել ենք, բայց դուք դեռ ոչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG