Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը վերանշանակվեց վարչապետի պաշտոնում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կառավարության հրաժարականը: Սահմանադրության պահանջով, կառավարությունը հրաժարական է տալիս նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից անմիջապես հետո:

Այսօր էլ մեկ այլ հրամանագրով նախագահը վարչապետ է վերանշանակել Կարեն Կարապետյանին։

Առաջիկա օրերին կառավարության անդամները կաշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, ինչը, ինչպես նշեց այսօր վարչապետ Կարապետյանը, չի խաթարի աշխատանքային տրամադարությունը․ - «Աշխատում ենք նույն ռեժիմով, չնայած կարգավիճակը բոլորիս մի քիչ փոխվել է»:

Այսօր կառավարության հրաժարականին վարչապետ Կարապետյանը որևէ այլ անդրադարձ չարեց՝ նիստը վարելով նախկինի պես։

Վերանշանակված վարչապետը Սահմանդրության պահանջով 20-օրյա ժամկետում կձևավորի կառավարություն, ապա ծրագիրը կներկայացնի Ազգային ժողովի հաստատմանը։

Ի տարբերություն ֆինանսների նախարար Վարդան Արամյանի և Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, դաշնակցական կրթության նախարար Լևոն Մկրտչյանը ավելի վստահ էր վերանշանակման հարցում․ - «Մի քանի օր ես խնդրում եմ համբերեք: Կլինի երևի»:

Իսկ Կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիոսյանը բացեց փակագծերը՝ իր վերանշանակումը կախված է նրանից, թե գոհ են արդյոք իր աշխատանքից Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը․ - «Ես ժամանակ առ ժամանակ զեկուցում եմ կատարած աշխատանքի վերաբերյալ և՛ վարչապետին, և՛ նախագահին»:

Մինչ երկրի նախագահն ու վարչապետը կգնահատեն Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքը, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը իր կարծիքն է հնչեցնում։ Վերջին 9 ամիսների աշխատած կառավարությունը աչքի ընկավ հայտարարություններով ու ճառերով, բայց՝ ոչ արդյունքով․ - «Կարեն Կարապետյանի կառավարությունը որդեգրեց այնպիսի մի ուղղություն, որ կարելի է Հայաստանում տնտեսական փոփոխությունների հասնել՝ առանց քաղաքական փոփոխություններ իրականացնելու, ինչը, բնականաբար, տեղի չէր ունենալու: Եվ մենք այսօր չունենք որևէ շոշափելի արդյունք կառավարության գործունեությունից: Ցավոք սրտի: Ու առաջիկայում էլ չենք ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ կառավարությունը չձևավորվի այս օրերին»:

Շոշափելի արդյուքների հասնելու համար կառավարությունը, ըստ Հայկ Գևորգյանի, պետք է դիմակայեր մենաշնորհների և կոռուպցիայի մարտահրավերներին, գտներ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուծումներ․ - «Տնտեսության զարգացման առաջ կանգնած խոչընդոտները վերածնելու ուղղությամբ: Դա ի՞նչն է․ կոռուպցիան, որը աննկարագրելի մակարդակի է Հայաստանում, դա տնտեսության գերկենտրոնացումն է՝ տնտեսության մոնոպոլիզացումը, բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, որը նույնպես աննկարագրելի մակարդակի է Հայաստանում: Այս բոլոր խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ կառավարությունը չի կարողացել որևէ զգալի արդյունքներ գրանցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG