Մատչելիության հղումներ

«Իմ մահվան ժամին չեմ ուզում որևէ մեկը սգա»


Քրիս Քորնելը համերգի ժամանակ, հունվար, 2017թ․
Քրիս Քորնելը համերգի ժամանակ, հունվար, 2017թ․

Ենթադրվում է, որ ռոք աստղ Քրիս Քորնելն ինքնասպան է եղել:

Դեթրոյթի հյուրանոցում մահացած են գտել Soundgarden և Audioslave ռոք խմբերի մեներգիչ, 52-ամյա երգահան Քրիս Քորնելը:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, ռոք աստղի մենեջերներից Բրայան Բամբերին ասել է, որ «Քորնելը վախճանվել է չորեքշաբթի գիշերը, նրա անսպասելի մահվան լուրը շանթահարել է կնոջը, ընտանիքի անդամներին և բոլոր բարեկամներին»:

Ըստ Mail պարբերականի, երգչին MGM Grand Hotel Detroit հյուրանոցի համարի լոգարանում մահացած է գտել նրա ընկերներից մեկը:

Ոստիկանները հայտնել են, որ լոգարանի գետնին ընկած երգչի կոկորդը սեղմված էր պարանով, և առավել հավանականն ինքնասպանության վարկածն է:

Մահից ընդամենը ժամեր առաջ Քրիս Քորնելը Թվիթերում գրել էր, որ շատ հուզված և ոգևորված է Դեթրոյթի Fox համալիրում տեղի ունեցած համերգից, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում:

Համերգի ավարտին նա վերջին կատարման մեջ ներառել է մի հատված Led Zeppelin խմբի In My Time Of Dying (Իմ մահվան ժամին) երգից, որն ունի շատ տխուր և հոռետեսական տեքստ:

'In my time of dying, I want nobody to mourn. All I want for you to do is take my body home. Well, well, well, so I can die easy.'

«Իմ մահվան ժամին չեմ ուզում որևէ մեկը սգա, միայն ուզում եմ, որ մարմինս տանեք տուն, այո, այո, այո, որ հանգիստ մահանամ»:

Երգչի կինը՝ Վիկի Կարայանիսը պնդում է, որ երեկ երկու անգամ՝ համերգից առաջ և համերգից հետո, խոսել է Քրիսի հետ, ով դեպրեսիայի կամ մահվան մասին մտքեր չի հայտնել:

Այսօր առավոտյան նա փորձել է ևս մեկ անգամ զանգահարել, սակայն երգիչը չի պատասխանել, և Վիկին խնդրել է ընկերներին մտնել նրա հյուրանոցի սենյակ...

Երգիչը տարիներ շարունակ ունեցել է ալկոհոլի հետ խնդիրներ: Ժամանակին բուժման հատուկ կուրսեր է անցել: «Ես, իհարկե, գիտեմ, որ ավելի լավ է ընդհանրապես չխմել, մաքուր մնալ»,- ասել է Քրիսը մի հարցազրույցում:

Մեկ այլ առիթով էլ ասել է. - «Ես շատ լավ գիտեմ շոու-բիզնեսի աշխարհը, իմ այդ աշխարհում կան աստղեր, որոնց թույլ չէի տա մոտենալ դստերս կամ որդուս»:

Քրիսը և Վիկին միասին ղեկավարել են բարեգործական հիմնադրամ, որն աջակցել է կարիքավոր և անտեսված երեխաներին: Քրիսն ուներ երկու դուստր (մեկն առաջին ամուսնությունից) և մեկ որդի:

Ռոքի աստղերին ցնցել է Քրիս Քորնելի մահվան բոթը: Աշխարհահռչակ կատարողները ցավակցական ուղերձներ են հրապարակում:

Դեյվ Նավարո, Jane's Addiction խմբից. - «Պարզապես ինձ կորցրել եմ, սարսափելի լուր է, շնորհակալ եմ երգերիդ համար, լույսերի մեջ հանգչես»:

Ալեքսանդր Գասքարթ, անգլո-ամերիկացի ռոք երգիչ․ - «Հիմա էլ Քրիսը գնաց, Աստված հոգին լուսավորի»:

Էլթոն Ջոնը գրել է, որ չի կարողանում հավատալ այդ ահավոր լուրին և հավելել. -«Փայլուն հեղինակ, լավ մարդ»:

Լեգենդար կիթառահար և երգահան Ջիմի Փեյջը Led Zeppelin-ից այսօր հայտարարել է. - «Այդքան ջահել, այդքան տաղանդավոր, քեզ շատ ենք կարոտելու, Քրիս»:

Քրիս Քորնելը տակավին վերջերս հեղինակել և ձայնագրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի նույնանուն երգը, որն անմիջապես դարձել է հիթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG