Մատչելիության հղումներ

Երևանի 17 հատուկ դպրոցի ուսուցչական կազմը նորանշանակ տնօրենին թույլ չի տվել մտնել դպրոց


Երևանի 17 հատուկ դպրոցում ապստամբություն է։ Ուսուցչական կազմը բոյկոտել է նորանշանակ տնօրենին ու երեկ թույլ չի տվել նրան ոտք դնել դպրոց։ Պատճառը ոչ թե նոր տնօրեն Վերգինե Եսայանի անձն է, այլ այն, թե ինչպես է նախարարությունը տնօրեններ նշանակում։

Մանկավարժների պնդմամբ՝ դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը չորս անգամ ձախողվել է, քանի որ չեն ներկայացել կա՛մ նախարարության ներկայացուցիչները, կա՛մ խորհրդի անդամները: Նիստերի ձախողումից հետո նախարարը որոշում է կայացրել նշանակել երեք հավակնորդներից Վերգինե Եսայանին: Ուսուցչական կազմի պնդմամբ, Վերգինե Եսայանը տնօրենի հավաստագիր չուներ, ու տարվա սկզբից գործընթացը ձգձգվել է, որպեսզի Եսայանը հասցնի հավաստագիր ստանալ ու մասնակցել մրցույթին։

«Իրենք կարող են ասել ինչ ուզում են», -արձագանքում է Վերգինե Եսայանը, - «Ուզո՞ւմ եք, ես էլ ասեմ այդ դեպքում, որ այդ դեմ շարժմանը հիմնականում մասնակցում են տնօրենի բարեկամները, ազգակցականները»:

Մրցույթի մասնակիցներից մեկը Մարինե Աղաջանյանն է, մյուսը՝ նախկին տնօրենի դուստր Հայարփի Մինասյանը: Ուսուցչական կազմը չի թաքցնում՝ համակրում են Մինասյանին, բայց նախարարությունից ընդամենը արդար մրցույթի կազմակերպում են պահանջում։ - «Թող մրցույթ լինի, ով հաղթի՝ նրան էլ կընդունենք», - ասում են մանկավարժները, - «Մենք գիտենք, որ զարգացած մարդ է և իրավունք ունի տնօրեն աշխատելու, ուղղակի ընտրության արդյունքում ընտրվեր նա, ով արժանի էր դրան: Գուցե՝ հենց ինքն է»:

Ի դեպ՝ նորանշանակ տնօրենը կրթության և գիտության նախարարի խորհրդականի՝ Բագրատ Եսայանի կինն է։ Հենց այդ հանգամանքն էլ նրա նշանակման գլխավոր պատճառն է, պնդում են 17 հատուկ դպրոցում։ Վերգինե Եսայանը համամիտ չէ․ - «Եթե ինչ-որ մեկը շահարկում է իմ՝ Բագրատ Եսայանի կին լինելը, դա իրենց խնդիրն է»:

Ծանոթով աշխատանքի տեղավորելու վարկածը հերքում է նաև նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը․ - «Բերեք պրոցեսը չանձնավորենք: Ես կարծում եմ, որ ոչ՝ որևէ դեր չի խաղացել, որովհետև տիկին Վերգինեն, եթե կենսագրությունը կարդաք, այդ ոլորտի մասնագետ է, պրոֆեսիոնալ է և որևէ խնդիր չեմ տեսնում»:

Նկարահանման պահին դպրոցում նախարարությունն աուդիտ էր անցկացնում։ Աշխատակիցները համոզված են՝ աուդիտն իրենց վրա ճնշում գործադրելու ու լռեցնելու փորձ է, սակայն ասում են, որ չեն ընկճվել։ Տնօրենի պաշտոնի հավակնորդները, նրանց պնդմամբ, արդարությունը փորձելու են վերականգնել դատական կարգով, իսկ մանկավարժները շարունակելու են փակ պահել դռները նոր տնօրենի առջև այնքան ժամանակ, մինչև չլինի նախարարության գործողությունների օրինականությունը հաստատող դատական վճիռ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG