Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բաբլոյանի թեկնածությունը


Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բաբլոյանի թեկնածությունը: ԱԺ փոխանախագահների պաշտոնում կառաջադրվեն Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Վահրամ Բաղդասարյանը: Խմբակցության քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը:

«Բոլոր թեկնածուներին առաջարկել է Հանրապետության նախագահը և կուսակցությունը ընդունել է միաձայն», - այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Մայիսի 18-ին Հանրապետական խմբակցությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառաջարկվի կրճատել մշտական հանձնաժողովների թիվը՝ 12-ից դարձնելով 9: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հանրապետական խմբակցությունը 9 հանձնաժողովներից 6-ում իրավունք կունենա նախագահելու՝ ներկայացնելով նաև նախագահների անունները: Ըստ այդմ՝ Ֆինսանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի Գագիկ Մինասյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյանը, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը:

Շարմազանովը հիշեցրեց նաև, որ ՀՀ կառավարությունը մայիսի 18-ին հրաժարական կտա, ինչից հետո իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի Կարեն Կարապետյանի թեկնածութունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG