Մատչելիության հղումներ

Վեցերորդ գումարման Ազգային ժողովը վաղը կսկսի իր աշխատանքը


Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կբացի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ ՀՀԿ-ի ցուցակով ընտրված՝ ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Ապա ողջույնի խոսքով հանդես կգան նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Օրենսդիր գործունեությունը սկսող 105 պատգամավորները վաղը նաև կերդվեն «հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Խորհրդարանի առաջին նիստում փակ գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրվեն նաև Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները: Ի տարբերություն նախորդի, նոր խորհրդարանում մեկով ավելանալու է Ազգային ժողովի փոխխոսնակների թիվը, և առաջին անգամ նրանցից մեկը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ է լինելու:

Թե ում թեկնածությունն է առաջարկելու խորհրդարանում մանդատների մեծամասնությունը ստացած Հանրապետականը ԱԺ նախագահի և երկու փոխնախագահների պաշտոնների համար, պարզ կդառնա արդեն այսօր երեկոյան: Այս մասին «Ազատությանն» ասաց Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը․ «Տեղում կորոշենք, էս պահին հստակ ասել չենք կարող»:

Ի տարբերություն հինգերորդ գումարման Ազգային ժողովի, որի կազմում 131 պատգամավոր էր ընդգրկված, վեցերորդ գումարման խորհրդարանում 105 պատգամավորներ կլինեն: Նոր խորհրդարանում նախկին 6-ի փոխարեն կգործի 4 խմբացկություն:

Նորընտիր պատգամավորների կեսից ավելին՝ 54-ը հին դեմքեր են, որոնք գործել են նաև 5-րդ գումարման ԱԺ-ում: Խորհրդարանի աշխատանքներին հետևող՝ «Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի դիտարկմամբ, նրանցից 35-ը ՀՀԿ-ից են, 14-ը՝ «Ծառուկյան դաշինք»-ից, 2-ը «Ելք»-ից, 3-ը ՀՅԴ-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG