Սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանին, ում անունը լրատվամիջոցները կապում էին քրեական աշխարհի հետ, Հայաստանի դիվանագիտական անձնագիր տրամադրվել է օրենքով սահմանված կարգով՝ «Ազատության» հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը։
Բալայանը, սակայն, չհստակեցրեց թե որ գործառույթի համար և ինչ նպատակով է Թաթուլյանը ստացել անձնագիրը։ Արտաքին գերատեսչության մամուլի պատասխանատուն միայն հղում արեց օրենքին։
Նշենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում ասվում է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեն «այլ անձինք»՝ Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:
Չեխիայի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 13-ին Թաթուլյանի փաստաթղթերը ստուգվել են ոստիկանության կողմից, սակայն նա չի ձերբակալվել: Ոստիկանության կայքում մայիսի 15-ին հրապարակված լուրում ասվում է, որ իրավապահները փաստաթղթերի ստուգում են իրականացրել Կարլովի Վարիում, որտեղ 43-ամյա օտարերկրացի է ձերբակալվել, ով կասկածվել է կեղծ փաստաթղթեր ունենալու մեջ (այդ անձը Թաթուլյանը չի եղել):
«Փաստաթղթերի ստուգման ընթացքում, ձեր կողմից մատնանշված օտարերկրացին՝ Ռուբեն Թաթուլյանը ստուգման է ենթարկվել ոստիկանության կողմից: Նա դիվանագիտական անձնագիր է ներկայացրել: Քանի որ այդ անձը ոչ մի խախտում չէր կատարել, նրա նկատմամբ ոչ մի գործողություն չի իրականացվել», - «Ազատությանը» հայտնել է Չեխիայի Հանրապետության ոստիկանությունը: