Մատչելիության հղումներ

Էրդողանը դրական է գնահատել Թրամփի հետ հանդիպումը


Չնայած վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա որոշ լարվածությանը, Էրդողանին Սպիտակ տանը ջերմ են ընդունել, Էրդողանն այդպես է որակել բանակցությունները Թրամփի հետ։

Սա երկու երկրների նախագահների առաջին հանդիպումն էր։ Մինչ այդ էրդողանն ու Թրամփը մի քանի հեռախոսազրույցներ են ունեցել։

«Միացյալ Նահանգները Թուրքիային ամենակարճ ժամկետներում կտրամադրի այն ռազմական տեխնիկան, որը խնդրել է Անկարան», - Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Սիրիայում բռնության նվազմանը և սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված Թուրքիայի բոլոր ջանքերին։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ աջակցում է Անկարային նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցում, այդ թվում՝ «Իսլամական պետության» և Քրդական աշխատավոր կուսակցության դեմ։

«Մենք ձգտում ենք այդ սպառնալիքին պատասխանել համատեղ ուժերով։ Մենք մեր աջակցությունն ենք առաջարկում թուրք ազգին։ Մենք աջակցում ենք Թուրքիային՝ ահաբեկչության դեմ պայքարում և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում», - ասել է ԱՄՆ նախագահը։

Էրդողանն իր հերթին Թրամփին հրավիրել է Թուրքիա։ «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Թրամփին նման ջերմ ընդունելության համար։ Նրան և նրա ընտանիքին անհամբեր սպասում եմ Թուրքիայում», - հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Միացյալ Նահանգներ մեկնելու նախօրեին Էրդողանն ասել էր, թե իր այցը Վաշինգտոն թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր մեկնարկ կլինի, և որ բանակցություններին կբարձրացնի ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը, ինչպես նաև կփորձի հստակեցնել Միացյալ Նահանգների դիրքորոշումը Սիրիայի քրդերի հարցում։

Հիշեցնենք, Վաշինգտոն մեկնելուց առաջ՝ մայիսի 3-ին Էրդողանը Սոչիում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել էր սիրիական ճգնաժամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG