Մատչելիության հղումներ

Ոստիկանության գործողությունները խնդրահարույց էին. Թաթոյան


«Երկիր Ծիրանի»» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հետ ընտրությունների օրը Հանրապետականի շտաբում տեղի ունեցած միջադեպի մասին զրուցել ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված։

«Ազատություն». - Նախևառաջ, պարոն Թաթոյան, կուզենայի անդրադառնայինք Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցածին, երբ Հանրապետականի շտաբից նրան, ուժ կիրառելով, դուրս բերեցին, ապա ոստիկանները փորձեցին նրան բռնի ուժով ոստիկանական մեքենա նստեցնել, թեև նա դեռևս գործող պատգամավոր է։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունները, և արդյո՞ք այն գործողությունները, որոնք այդ օրն իրականացրեց ոստիկանությունը, իրավաչափ էին։

Թաթոյան. - Նախ՝ շատ ուշադրությամբ մենք հետևում էինք ի սկզբանե վաղ առավոտից սկսած ընթացքին, և Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի հետ կապված անմիջապես հայտարարությունը տարածեցինք, որովհետև տեսանյութերը մանրամասն ուսումնասիրեցինք և, այո՛, Դուք ճիշտ եք, Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովի պատգամավոր է դեռ, համապատասխան կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու, դա ունի չափազանց կարևոր նշանակությունը, որը պետք է հաշվի առնվի նաև ոստիկանության կողմից համապատասխան գործողություններ ձեռնարկելիս։ Ընդհանրապես ուզում եմ ասել, որ ցանկացած իրավիճակում ոստիկանությունը պարտավոր է ցուցաբերել հարգալից վերաբերմունք ցանկացած քաղաքացու նկատմամբ և քաղաքակիրթ վարքագիծ դրսևորել, որը նաև ի վերջո ոստիկանության հանդեպ վստահությունը ձևավորող կարևոր գործոն է։ Իսկ կոնկրետ այդ իրավիճակի հանգամանքները հաշվի առնելով, անմիջապես մենք տվյալներն ամփոփեցինք ու ուղարկեցինք ոստիկանություն, որպեսզի նաև անհապաղ ծառայողական քննություն սկսվի։ Ես կարող եմ ասել, որ արդեն սկսվել է այդ ծառայողական քննությունը, մենք արդեն կապվել ենք ոստիկանության հետ, դրանից բացի նաև Գլխավոր դատախազություն ուղարկվեց համապատասխան գրություն, ես տեղյակ եմ, որ նյութեր էլ էին նախապատրաստվում, բայց մենք էլ այդ խնդիրը դրեցինք, որ այս միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանին բերման ենթարկելու փորձի հետ կապված տեսանկյունից նույնպես քննության ենթարկվի։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք ոչ-իրավաչա՞փ եք գնահատում ոստիկանության գործողությունները։

Թաթոյան. - Ես հետևյալ կերպ կասեմ՝ որպեսզի ես վերջնական գնահատական տամ իրավաչափ է, թե՝ ոչ-իրավաչափ, օրենքը պարտավորեցնում է, որպեսզի պարզաբանում պահանջվի կոնկրետ մարմնից այդ գործողությունների վերաբերյալ, բայց քանի որ քննարկման ընթացակարգ ենք սկսել, նշանակում է, որ խնդիր ենք տեսել ոստիկանության կոնկրետ գործողությունենրի հետ կապված՝ այո՛, Զարուհի Փոստանջյանի հետ վերաբերմունքի հետ կապված, Զարուհի Փոստանջյանին բերման ենթարկելու փորձի հետ կապված, նաև իհարկե, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնք վերաբերում են Զարուհի Փոստանջյանի մարմնական վնասվածքներ ունենալուն, ինչպես նաև իր դստեր հետ կապված։

«Ազատություն». - Այսինքն՝ առայժմ ձեռնպա՞հ եք մնում իրավաչափ կամ ոչ-իրավաչափ բնորոշելուց այս գործողությունները, բայց նշում եք, որ ամեն դեպքում ոստիկանությունը սխալ ձևով է վարվել՝ դատելով նաև Ձեր հայտարարությունից, որ «ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ»։ Այսինքն՝ ոչ-հարգալից և կողմնակալ վերաբերմո՞ւնք եք տեսել ոստիկանության կողմից։

Թաթոյան. - Այո՛, ես խնդիր եմ տեսնում ոստիկանության գործողություններում, այն ձևի տեսանկյունից, որով նաև բերման ենթարկելու փորձ էր կատարավում, և ընդհանարպես բերման ենթարկելու հարցի հետ կապված։ Դրա համար ես համարում եմ, այո, քանի որ խնդրահարույց է, իրավաչափության տեսանկյունից, հետևաբար պետք է վարույթ նախաձեռնվի, ընթացակարգի շրջանակներում մի հատ քննվի և այդ առումով մենք էլ արդեն հնարավորություն կունենանք վերջում գնահատական տալու։

«Ազատություն». - Գոնե կարո՞ղ ենք այս պահին փաստել, որ բերման ենթարկելու իրավունք ոստիկանությունը չուներ։

Թաթոյան. - Ես կարծում եմ, որ ոստիկանության գործողություններն այնտեղ, այո՛, խնդրահարույց էին և այն ձևը, որով գործադրվում է ոստիկանության լիազորությունը, ինձ համար ընդունելի չէ։

«Ազատություն». - Այդ գործողությունների ընթացքում տուժել է նաև Փոստանջյանի դուստրը, հենց այս պահին էլ նա գտնվում է հիվանդանոցում, և, ինչպես բժիշկն էր ախտորոշել, ունի ուղեղի ցնցում, և աղջիկը փոխանցել էր բժիշկներին, որ գլխին հարվածներ է ստացել, սա արդեն չի՞ խոսում այն մասին, որ այստեղ գործ ունենք ոչ-իրավաչափ գործողությունների հետ։

Թաթոյան. - Սա խոսում է մի կարևոր հանգամանքի մասին՝ այստեղ պարտադիր արդեն պետք է նախաձեռնվի քրեական վարույթ քրեական դատավարության ընթացակարգի շրջանակներում, որովհետև խոսքն արդեն մարմնական վնասվածք ունենալու հայտարարությանն է վերաբերվում։ Հետևաբար միայն այստեղ ընթացակարգն է, այստեղ ոչ մի ծառայողական քննություն չի կարող լինել և ավելին՝ այդ ընթացակարգի շրջանակներում պետք է անհապաղ բոլոր միջոցները գործադրվեն։

«Ազատություն». - Ի դեպ, մեր զրույցից քիչ առաջ ես խոսեցի տիկին Փոստանջյանի հետ, նրանք դեռ գտնվում էին հիվանդանոցում և Փոստանջյանն ասաց, որ թեև և՛ ինքը, և՛ աղջիկը կապտուկների մեջ են, բայց առայսօր որևէ քննչական գործողություն իրենց հետ չի կատարվել և այդ կապտուկները՝ ապացույցները, վաղ թե ուշ անցնելու են, և դժվարություն են ունենալու թերևս ապացուցելու հետ կապված։ Ինչո՞ւ է հապաղում իրավապահ մարմինն էս դեպքում։

Թաթոյան. - Քանի որ տիկին Փոստանջյանի հայտարարությունը հենց նոր եղավ, անմիջապես այս հարցազրույցից հետո ես ինքս կզբաղվեն դրանով, և մեր աշխատակազմը, կպարզենք, թե ինչն է կոնկրետ իրավիճակի հանգամանքները, այսպես ասեմ, և նաև Ձեզ այդ մասին կտեղեկացնենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG