Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է քվեարկության օրը Փոստանջյանի նկատմամբ բռնության կիրառումը


«Բարբարոսություն և ապօրինություն» է որակում Հայ ազգային կոնգրեսը կիրակի քաղաքապետ վերընտրված Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ իրականցված գործողությունը:

«Դա բարբարոսություն էր, դա անբարոյականություն էր, դա ստորություն էր և ապօրինություն ոստիկանության կողմից: Դատապարտելի է․․․ Անգամ եթե պատգամավորական ստատուս չունենար Զարուհի Փոստանջյանը, իր նկատմամբ կատարվածը ապօրինություն է: Բայց նաև ուներ պատգամավորական ստատուս և ունի դեռ մի քանի օր էլ: Եվ ոստիկանությունը ընդհանրապես որևէ իրավունք չունեն խախտելու այդ պատմավորական անձեռնմխելիությունը և նման բռնություն կիրառել Զարուհի Փոստանջյանի նկատմամբ», - ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Երևանի ավագանու ընտրությունների օրը թեկնածու Փոստանջյանը ընտրակաշառքի բաժանման ահազանգի հետքերով մտել էր Տարոն Մարգարյանի Ավանի շտաբ, որտեղ նրան քաշքշել էին, փորձել ուժով դուրս հանել շտաբից, ապա ժամանած ոստիկաններն արդեն ուժի գործադրմամբ՝ գրկած ու քարշ տալով Փոստանջյանին ու դստերը հանել էին շտաբից և փորձել բերման ենթարկել։

Լևոն Զուրաբյանը զուգահեռ է անցկացնում այս միջադեպի և նախորդ հինգշաբթի նմանատիպ մեկ այլ միջադեպի միջև, երբ քաղաքապետի մյուս ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանն էր իր աջակիցների հետ մտել Տարոն Մարգարյանի շտաբ․ - «Խտրականություն կա իրենց գործողությունների մեջ: Ասենք, մի քաղաքական ուժը կարող ա իրան դրսևորի ամենահամարձակ ձևով, բավականին շատ բան իրեն թույլ տա, բայց ոստիկանությունը օլիմպիական քաղաքավարությամբ է իրեն պահում, մյուս դեպքում, շատ ավելի մեղմ իրավիճակում ոստիկանությունը ցույց է տալիս ամենաստոր, ամենաանբարոյական կողմերը: Արդեն միայն դրանից կարելի է հասկանալ, թե որ քաղաքական ուժը ինչ դեր է կատարում իրենց ստեղծած համակարգում»:

Ընդհանուր առմամբ մայիսի 14-ի և ապրիլի 2-ի ընտրությունների միջև, ըստ Զուրաբյանի, մեծ տարբերություն չկար, բացի «ընտրակաշառքի բաժանման մեխանիզմից»: Նրա խոսքով, եթե ընտրակաշառքի բաժանման բեռը խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային թեկնածուների ուսերին էր, ապա ավագանու ընտրություններին՝ Հանրապետականի շտաբների. - «Երբ որ դրանով զբաղվում են 160 թեկնածու՝ սփռված ամբողջ Հայաստանով, դա այդքան էլ չի երևում, որովհետև Հանրապետական շտաբերը հնարավոր է դառնում զերծ պահել ընտրակաշառքի բաժանումից: Բայց երբ որ ընտրական մեխանիզմը այնպիսին է, որ ոչ թե թեկնածուներն են ձայներ հավաքում, այլ կոնկրետ մի թեկնածու կամ կուսակցություն, այդ դեպքում այդ բեռը ընկնում է Հանրապետական կուսակցության կառույցի վրա: Եվ դրա համար հնարավոր է մտնել շտաբ և ցուցակները գտնել»:

Զուրաբյանի համար անակնկալ չէր, որ մայիսի 14-ին ընտրողների մասնակցության ցուցանիշը շատ ավելի ցածր էր, քան խորհրդարանական ընտրություններին․ - «Երկու խնդիր դեր խաղացին․ մեկը այն է, որ ընդհանուր առմամբ գլխավոր ճակատամարտը արդեն ավարտված էր: Եվ, իհարկե, նաև իր դերը խաղաց այդ հանգամանքը, որ եթե առաջ 160 թեկնածու ժողովրդին հավաքում էր, հիմա ընդամենը մեկ թեկնածու է ժողովրդին հավաքում»:

Բացի այդ, խորհրդարան չանցած ընդդիմադիր ուժի փոխնախագահի խոսքով՝ ապրիլի 2-ի «խայտառակ ընտրություններից հետո» հարյուրավոր ընտրողներ հիասթափության նոր փուլ ապրեցին, երբ պարզ դարձավ, որ օրինականության վերահսկման նոր մեխանիզմներն անգամ չեն հակակշռում ընտրակաշառքին և վարչական ճնշումներին․ - «Ըստ էության պարզ դարձավ, որ ընտրակաշառքի և ադմինիստրատիվ ճնշումների, կրիմինալի ճնշումների գործոնը այնքան մեծ է, որ ըստ էության իշխանություններն այլևս մեծ հաշվով կարող են չդիմել մատյանների կեղծման, արձանագրությունների կեղծման, ընտրատեղամասերի հանձնաժողովների կաշառելուն և նման բռի միջոցների․․․ Պարզվեց, որ մեր քաղաքական համակարգի փչացման գործընթացը, որը իշխանությունները վաղուց սկսել էին, հիմա հասցրեցին ինչ-որ մի կատարելության»:

Արդյունքում, Զուրաբյանի կարծիքով, ստեղծված քաղաքական համակարգի շնորհիվ, 2018-ին նախագահության ժամկետն ավարտող Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը դարձել է մի փոքր բարդ, բայց «ընդամենը տեխնիկական հարց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG