Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, Տարոն Մարգարյանը թերևս նույն 7 տոկոս ձայն էլ չհավաքեր, եթե ավագանու ընտրություններին մասնակցեր որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ։
«Եթե մի րոպե երևակայենք, որ Տարոն Մարգարյանը մասնակցում էր ավագանու ընտրություններին, որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, հակառակ կողմից՝ Հանրապետական ավագանու քաղաքապետի թեկնածուն դիցուք Զարուհի Փոստանջյանն էր, ես Ձեզ ասեմ, որ նույն արդյունքը կստանար Զարուհի Փոստանջյանը, իսկ Տարոն Մարգարյանը թերևս նույն 7 տոկոսը չհաղթահարեր էլ, հավաքեր ընդամենը 0 ու մի քանի ամբողջ տոկոս՝ միայն նրա ազգականները նրան ձայն տային», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իշխանյանը՝ նշելով, որ երբ կիրառվում են պետական լծակները, և ողջ պետական մեքենան աշխատում է մեկի օգտին, պատկերը լինում է այնպիսին, ինչպիսին Հայաստանում՝ բոլոր ընտրությունների ժամանակ։
«Համեմատվել քաղաքակիրթ երկրների հետ, ես համարում եմ, որ անիմաստ է, որովհետև քաղաքակիրթ երկրներում ընտրություն կոչվածը դա իսկապես ընտրություն է, գաղափարների պայքար է, դեբատներ են, և պետությունն իր ինստիտուտներով ընդամենը կազմակերպում է ընտրությունները և ոչ թե մասնակից է որպես կողմ ընտրություններին», - ասաց իրավապաշտպանը։
Ըստ Իշխանյանի, պետք է փորձել փոխել իրականությունը և ոչ թե խաղալ իշխանությունների գծած խաղի կանոններով։
«Մոտավորապես մեզ մոտ այսպիսի վիճակ է ստեղծվել, ինչպես ժամանակին Լյուդովիկոս 14-րդ էր ասել՝ «պետությունը ես եմ», տվյալ դեպքում մենք ունենք՝ հանրապետության նախագահը պետությունն է, իսկ իր շրջապատն, այսպես կոչված, Հանրապետական կուսակցությունն է, և պետությունն է որոշում, թե ով, ինչ պաշտոն պետք է զբաղեցնի։ Ուղղակի միջազգային հանրությանն ի ցույց դնելու համար, իբր Հայաստանը հռչակված է ժողովրդավարական երկիր, անցկացվում են, այսպես կոչված ընտրություններ։ Իմ կարծիքով շատ ավելի անարդար է, և մենք եթե Շեքսպիրի «Համլետի» խոսքերով նայենք՝ «ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»՝ լինել թագավոր և նշանակել քաղաքապետին, նույնիսկ ինչպես նախորդ Սահմանադրությունն էր, թե՞ հերթական անգամ հիասթափեցնել ողջ հանրությանը՝ ընտրությունների արդյունքում նշանակել իր ուզած քաղաքապետին։ Սա մեր իրականությունն է, և այս իրականությունը պետք է հաշվի առնել և փորձել փոխել այն և ոչ թե խաղալ իշխանությունների գծած խաղի կանոններով», - ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, «Ելք» դաշինքի օգտին քվեարկել է 70 հազար 731 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 21 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին՝ 26 հազար 109 ընտրող կամ 7.75 տոկոսը, Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին՝ 240 հազար 36 ընտրող կամ 71.25 տոկոսը:
Ընտրությունների վերջնական արդյունքները հանձնաժողովը կամփոփի մայիսի 21-ին:
Անդրադառնալով ընտրությունների օրը Տարոն Մարգարյանի Ավանի շտաբում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին, իրավապաշտպանն ասաց. - «Պետք է ոստիկանության աշխատանքները դիտել ոչ թե այն տեսանկյունից, ինչ-որ վահանակների վրա գրված է՝ «ծառայելով օրենքին՝ ծառայում եմ ժողովրդին», իրականում դրա տակ, եթե պաստառը պոկես հետևից կերևա իսկական կարգախոսը՝ «ծառայելով իշխանություններին՝ ծառայում ենք անօրինականությանը»։
Նշենք, որ ավագանու ընտրությունների օրը Փոստանջյանը մուտք էր գործել իշխող Հանրապետականի թեկնածուի շտաբ՝ ընտրակաշառքի բաժանման ահազանգերի հետքերով: Ըստ Փոստանջյանի, ՀՀԿ-ականներն իրենց տեսնելով գումար ստացողների ցուցակներն էին թաքցրել: Քաղաքապետի թեկնածուն իրավապահների էր հրավիրել՝ պահանջելով, որ դարակը բացվի իր ներկայությամբ և տեսանկարահանվի: Մոտ երկու տասնյակ ոստիկաններին հրահանգներ էր տալիս տեղի տարածքային ոստիկանապետը: Ոստիկանները նախ լրագրողներին հրելով դուրս բերեցին շտաբից, ապա ուժի գործադրմամբ՝ գրկած ու քարշ տալով Փոստանջյանին ու դստերը հանեցին՝ փորձելով անգամ բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորին: