Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
Ըստ հաղորդագրության, բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է ՍՊԱՅԿ տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: