Մատչելիության հղումներ

ԵՄ-ն «խստորեն դատապարտում է» անկախ կայքէջերը փակելու մասին ադրբեջանական դատարանի որոշումը


Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոցիյանչիչը, արխիվ
Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոցիյանչիչը, արխիվ

«Միջազգային հանրությունը պետք է վերջ տա ադրբեջանական կառավարության անպատժելիությանը, պատասխանատվության ենթարկելով պաշտոնական Բաքվին՝ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի և ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին համաձայնագրի դրույթները շարունակաբար խախտելու համար»,- հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Եվրամիությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի տարածքում ընդդիմադիր մի շարք կայքէջեր արգելափակելու մասին՝ ադրբեջանական դատարանի կայացրած որոշումը: Նման հայտարարություն է տարածել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոցիյանչիչը: Նրա խոսքով՝ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանի վճիռը «հակասում է անկախ և բազմազան լրատվամիջոցներ ունենալու այն պահանջին, որը բնորոշ է ժամանակակից ժողովրդավարական հասարակություններին»:

Ադրբեջանական հինգ անկախ լրատվական կայքերի, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքի՝ երկրի տարածքում արգելափակելու որոշումը դատապարտել են նաև մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց թվում ՝ «Ֆրիդոմ Հաուս»-ը: Այդ կազմակերպության վերջին զեկույցի համաձայն, մամուլի ազատության առումով՝ Ադրբեջանն ամենավատ դրություն ունեցող երկրներից է: «Անկախ մեդիակայքերի արգելափակումը փաստում է, որ Ադրբեջանի կառավարության և նախագահ Ալիևի՝ այդ երկրում ինտերնետային ազատության վերաբերյալ արած բոլոր հավաստիացումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Ադրբեջանի Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունն ավելի վաղ դիմել էր դատարան՝ պնդելով, որ իշխանություններին քննադատող, իշխող ընտանիքի մութ գործարքների մասին պատմող լրատվամիջոցների աշխատանքը «վտանգ է ներկայացնում երկրի և հասարակության շահերի համար»: Ադրբեջանի կառավարության հայցադիմումում նաև նշված էր, թե երկրում գործող վերջին մի քանի ոչ իշխանական այդ լրատվամիջոցները «զանգվածային անկարգություններ հրահրող գործունեություն են ծավալում և ապակառուցողական գործողություններ իրականացնում, որոնք ուղղված են հանրության անդորրը խախտելուն»:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սամեդ Ռահիմովը, մինչդեռ, պնդում է՝ անկախ լրատվամիջոցների կայքերում տեղադրված նյութերում հասարակության և պետության օրինական շահերին վնասող ոչինչ չի եղել: Փաստաբանը, վկայակոչելով միջազգային կոնվենցիաները, հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն հերթական անգամ խախտում է մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտներում ստանձնած իր պարտավորությունները:

Դատարանը, ինչպես և ակնկալվում էր, հիմնավոր է համարել հայցը ներկայացնող կողմի պնդումները և երկրի տարածքում սահմանափակել «Ազադլըղ ռադիոսույի», «Ազադլըղ-գազեթիի», «Մեյդան TV»-ի, «Թուրան TV»-ի և «Ազերբայջան սաաթի» կայքերը: Նախկինում էլ տարբեր ճնշումների ենթարկված այս լրատվամիջոցները, որոնք, ի դեպ, վերջերս հաճախ էին անհայտ պատճառներով անհասանելի դառնում, պատրաստվում են բողոքարկել դատարանի այդ որոշումը:

Այսպիսով, ինչպես վերլուծաբաններն են նշում, Ալիևի վարչակազմը փորձում է հնարավորինս վերահսկելի դարձնել խոսքը: «Միջազգային հանրությունը պետք է վերջ տա ադրբեջանական կառավարության անպատժելիությանը, պատասխանատվության ենթարկելով պաշտոնական Բաքվին՝ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի և ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին համաձայնագրի դրույթները շարունակաբար խախտելու համար»,- հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG