Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի և կաջակցի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում կատարցի ներդրողներին:
«Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ Նորին Վսեմություն Կատարի Էմիրից արդեն ստացել է հանձնարարություն` իր գլխավորած ոլորտում Հայաստանի հետ զարգացնելու փոխգործակցությունը և վստահեցրել է, որ կանի ամեն ինչ այդ հանձնարարությունը իրականացնելու համար: Աքբար Ալ Բաքրը նշել է, որ ավիաընկերությունը տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ և ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ:
«Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա է մուտք գործել 2016թ. մայիսից` իրականացնելով Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ: