«Մայիսի 14-ին տեղի ունեցան հերթական «ընտրությունները», որոնք, դառնալով ապրիլի 2-ին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունը, ինչպես միշտ, ուղեկցվեցին զանգվածային ապօրինություններով, կեղծարարություններով և բռնություններով», - այսօր հայտարարում է «Ժառանգություն» կուսակցությունը:
«ՀՀԿ-ի ցինիզմը հասել է այնտեղ, որ նրա ներկայացուցիչները սկսել են արդարացնել իրենց կատարածուների ապօրինությունների ու բռնությունների մինչ այդ ընդամենն անտեսվող ապացուցված փաստերը», - ասված է հայտարարությունում:
Ընդդիմադիր կուսակցությունը «խստորեն դատապարտում է իշխանությունների ընտրակեղծարարություններն ու բռնությունները, որոնց վառ դրսևորումներից էր ԱԺ երկու գումարումների պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա 21-ամյա դստեր հանդեպ մայիսի 14-ին ոստիկանության ներկայացուցիչների ոտնձգությունը, որի հետևանքով վերջինիս հասցվեցին մարմնական վնասվածքներ», և պահանջում է հետաքննել և պատասխանատվության ենթարկել «այդ ապօրինությունն իրականացրած ոստիկաններին»:
«Ժառանգություն»-ը հավատացած է, որ «Հայաստանի Հանրապետության ազատ և արժանապատիվ քաղաքացիներն իրենց մեջ ուժ կգտնեն պայքարելու հանուն ամենքիս երազած հզոր, բարեկեցիկ, արդար ու ազատ երկրի, և այդ գործում իրենց կարևոր անելիքը ունեն իրապես ընդդիմադիր ուժերը, որոնք, առանց դադարեցնելու պայքարը, պետք է վերակազմակերպեն բոլոր միջոցները և, վերջապես, հանդես գան համընդգրկուն միասնական ճակատով՝ փրկելու համար երկիրը կործանումից, ներքին ու արտաքին գաղութացումից»:
Հիշեցնենք, «Ժառանգություն» կուսակցությունը Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կազմում, որը չանցավ խորհրդարան: Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններին «Ժառանգություն»-ը կամ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չմասնակցեցին: