Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Համաձայն հրամանագրի՝ մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև հունիսի 30-ը ներառյալ; կապահովվի այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը; հունիս-հուլիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները; այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:
Կառավարությանը հանձնարարվել է հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել դրա կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: