Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օնլայն ռեժիմով հրապարակում է մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:
Ավելի քան հարյուր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքներով առաջին տեղում է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով քվեների 69.92 տոկոսը: «Ելք» դաշինքի օգտին ձայն է տվել ընտրողների 22.06 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին՝ 7.98 տոկոսը:
Ավագանու ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները: Երեք ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են և, համապատասխանաբար, քաղաքապետի թեկնածուներն են Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Տարոն Մարգարյանը: Վերջինս գործող քաղաքապետն է, այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի նոյեմբերից:
Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև երեք կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները: