Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ներողություն է խնդրում «Ազատության» լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի համար


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ներողություն են խնդրում «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի հետ տեղի ունեցած միջադեպի համար։ Լրագրողը ՀՀԿ շտաբներից մեկում բռնության էր ենթարկվել։

Արմեն Աշոտյանը ասաց, որ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում իրենց համար երեք տեսանյութ են առանձնացրել, որոնք բոլորը «Ազատության» տեսախցիկն է արձանագրել։

Առաջինը բռնության դեպքն է, և Աշոտյանի խոսքով, եթե իրավապահները կգտնեն, որ ներողությունը բավարար չէ և կա իրավական հետևանքների խնդիր, վստահ է՝ օրենքի շրջանակներում այդ միջադեպը կքննվի։

Երկրորդը Կոնդի ՀՀԿ շտաբում արձանագրված տեսանյութն է, որտեղ երևում է, որ քաղաքացիներից մեկը շտաբում գումար է թաքցնում։ Աշոտյանն ասաց, որ թեև իրավապահները կուսումնասիրեն տեսանյութը, բայց «ներկայացված տեսանյութում երևում էր ընդամենը գումարով մարդ և ոչ թե այդ գումարը քաղաքական որոշման համար բաժանող անձնավորություն»։

Երրորդ տեսանյութը Զարուհի Փոստանջյանի այցն է ՀՀԿ շտաբ։ Աշոտյանն ասաց՝ ՀՀԿ-ն հյուրընկալ է, բայց դա չի կարելի չարաշահել․ - «Եթե տիկին Զարուհին ուներ ահազանգ, ինչպես որ մատուցում էր խնդիրը, պետք է անհապաղ զանգեր ոստիկանություն, որպեսզի գային ու ահազանգի հետքերով ուսումնասիրեին իրավիճակը շտաբում: Բռնի կերպով ենթաշտաբ մտնել չի կարելի, որովհետև այնուամենայնիվ դա հանրային տարածք չէ»։

«Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ծեր ու դժվար տեղաշարժվող մարդիկ այսօր գալիս էին ընտրության և ասում, որ Տարոն Մարգարյանին են ընտրել, ո՞րն է գաղտնիքը, Աշոտյանը պատասխանեց. - «Կարող ենք իմիջային վերլուծություն անել, Տարոն Մարգարյանի կերպարը ընդունելի էր նաև տարեց մարդկանց կողմից, իրենք տեսնում էին այդ մարդու մեջ անձնավորություն, համակրում էին ակնհայտորեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG