Մատչելիության հղումներ

«Սրանք ընտրություններ չէին»․ Փոստանջյան


Տարոն Մարգարյանի Ավանի շտաբում միջադեպից հետո Զարուհի Փոստանջյանի դուստրը հիվանդանոցում է՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ: Ինքը՝ քաղաքապետի թեկնածուն ևս բարձրաձայնում է բռնությունների մասին:

Փոստանջյանը մուտք էր գործել գործող քաղաքապետ, իշխող Հանրապետականի թեկնածուի շտաբ՝ ընտրակաշառքի բաժանման ահազանգերի հետքերով: «Ազատության» այցելության պահին ընդդիմադիր գործիչը դստեր հետ հսկում էր սեղանի դարակները, որտեղ, ըստ Փոստանջյանի, ՀՀԿ-ականներն իրենց տեսնելով գումար ստացողների ցուցակներն էին թաքցրել: Շտաբի տղամարդ աշխատակիցները, որոնք ներկայացան որպես Հանրապետական կուսակցության անդամներ, հերթափոխով պահում էին դարակները՝ նստելով սեղանի վրա:

Փոստանջյանը պատմեց, որ մինչև մեր գալը իրեն ու դստերը քաշքշել են, փորձել ուժով դուրս հանել շտաբից: Քաղաքապետի թեկնածուն իրավապահների էր հրավիրել ՝ պահանջելով, որ դարակը բացվի իր ներկայությամբ և տեսանկարահանվի: Մոտ երկու տասնյակ ոստիկաններին հրահանգներ էր տալիս տեղի տարածքային ոստիկանապետը: Ոստիկանները նախ լրագրողներին հրելով դուրս բերեցին շտաբից, ապա ուժի գործադրմամբ՝ գրկած ու քարշ տալով Փոստանջյանին ու դստերը հանեցին՝ փորձելով անգամ բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորին:

Զարուհի Փոստանջյանի ինքնազգացողությունը վատացել էր, աղջկան՝ Լիլիթին, իրավապահները նստեցրել էին ոստիկանական մեքենան, հետո պատմեց՝ իջեցրել են ճանապարհի կեսին:

Մինչ այդ ոստիկանական մեծ ուժեր ամբողջությամբ շրջափակեցին Տարոն Մարգարյանի շտաբի մուտքը և այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ էր պահվում դարակում: Շտաբ եկած Հանրապետականի Ավանի տարածքային կառույցի ղեկավար Մանվել Ջավադյանն ասում էր՝ Փոստանջյանը կրկես է սարքել: - «Ինձ թվումա՝ տիկին Փոստանջյանը իրա նպատակին հասավ, իրա կրկեսը կազմակերպեց Ավանում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց նա:

Ավելի ուշ հրավիրած ասուլիսում Զարուհի Փոստանջյանը պատմեց, որ լրագրողներին դուրս հանելուց հետո տեղի ոստիկանապետը զանգ է ստացել ու անցել իր նկատմամբ բռնությունների:

Ոստիկանությունը, մինչդեռ, հայտարարություն է տարածել՝ շեշտելով, թե ընտրակեղծիքների դեմ պայքարի պատրվակով թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը, խուզարկության փորձերը կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ:

Դատախազությունն էլ Հանրապետականի շտաբի անդամ Սերոբյանից է հաղորդում ստացել, թե Փոստանջյանը առանց իր թույլտվության նախընտրական շտաբ է ներխուժել, քաշքշել իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբի գույքը:

Միջադեպը մեկնաբանել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը․ - «Անընկալելի երևույթ է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում պարալիզացնել ամբողջ աշխատանքը: Դա անհասկանալի է»:

ԿԸՀ նախագահի այս դիտարկմանը հակադարձելով՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարում է․ - «Պարոն Մուկուչյանը իրավաբան է և շատ լավ գիտի, որ այդ գործողությունները իրենց մեջ պարունակում են հանցակազմ: Եվ պարոն Մուկուչյանին խորհուրդ ենք տալիս ինքը դիմի համապատասխան իրավապահ մարմիններին, որպեսզի այդ անձանց կանչի պատասխանատվության: Նաև պետք է գործառույթ սկսի և դադարեցնի ՀՀԿ-ի գրանցումը և մասնակցությունը»:

Քաղաքապետի թեկնածուն ժամը 18-ին հայտարարեց, որ տեղի ունեցածը չի կարող կոչել ընտրություններ, բայց չհստակեցրեց՝ կվերցնի արդյոք մանդատները․- «Կեղծված ցանկացած գործառույթ մենք ճանաչելու ենք իր անվամբ: Գողերին կոչելու ենք իրենց անուններով: Տարոն Մարգարյանը ցանկանո՞ւմ է որպես գող նորից նշանակվել քաղաքապետ: Թող սպասի՝ իրեն սպասելու է դժոխքը: Եվ նաև իր ղեկավարին: Մենք գործելու ենք որպես Երևանի քաղաքապետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG