Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Ավանի ընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ


Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Ավանում Երևանի ավագանու անդամի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նշելով, որ մայիսի 14-ին Մարգարյանի նախընտրական շտաբից ահազանգ է ստացվել Երևանի ավագանու անդամի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա կողմնակիցների կողմից շտաբի տարածք ապօրինի ներխուժման վերաբերյալ, ոստիկանությունը պարզաբանում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին Փոստանջյանը բանավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նշված շտաբում կատարվում է ընտրական բնույթի հանցագործություն:

«Ոստիկանության ծառայողները շտաբում գտնվողներից, այդ թվում՝ Զ. Փոստանջյանից և նրան ուղեկցող անձանցից պահանջել են դուրս գալ տարածքից, չխոչընդոտել ինչպես շտաբի բնականոն աշխատանքը, այնպես էլ ոստիկանության ծառայողների գործողություններին», - ասված ոստիկանության հաղորդագրությունում:

«Ինչպես Զ. Փոստանջյանը և նրա կողմնակիցները, այնպես էլ շտաբում գտնվող լրագրողները հրաժարվել են ենթարկվել տարածքից դուրս գալու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ պնդելով, որ բոլոր գործողությունները կատարվեն իրենց և լրագրողների ներկայությամբ: Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս հնչեցված՝ տարածքից դուրս գալու վերաբերյալ խնդրանքները և հորդորները դիտավորությամբ անտեսվել են», - պարզաբանում է ոստիկանությունը՝ շարունակելով․ - «Նկատի ունենալով հիշյալ անձանց կողմից ոստիկանության ծառայողներին անհնազանդության շարունակական բնույթը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով կիրառվող ֆիզիկական ուժի գործադրմամբ Զ. Փոստանջյանը դուրս է բերվել տարածքից: Վերջինիս նկատմամբ բերման ենթարկելու կամ ձերբակալման գործողություններ չեն իրականացվել»:

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի պատրվակով թեկնածուների նախընտրական շտաբներ ներխուժելը, այնտեղ գտնվող անձանց որևէ գործողություն կատարելու պահանջներ ներկայացնելը և խուզարկության փորձերը հանդիսանում են իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ:

«Ինչ վերաբերվում է Զ. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, ապա դա իրականությանը չի համապատասխանում», - նաև ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG