Ավանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանության են դիմել թե՛ Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գ․ Սերոբյանը, և թե՛ միջադեպում ներգրավված «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Այս առնչությամբ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Գ. Սերոբյանը հանցագործության մասին տրված հաղորդմամբ հայտնել է, որ ժամը 13.37-ին` առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երևանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը, քաշքշել է իրեն և շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝ այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:
Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Երևանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում: Զ. Փոստանջյանի հայտարարության կապակցությամբ` ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ընտրակաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ»:
Հիշյալ երկու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել են՝ դրանց հետագա նախապատրաստումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու նպատակով: