Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ ժամը 14-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 4 ահազանգ, որոնք վերաբերել են քվեարկության սահմանված կարգին:
Ըստ հաղորդագրության, հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում, բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած շուրջ 73 հաղորդում: Հաղորդումները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում և նախընտրական շտաբերում կուտակումներին, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, ընտրատեղամասերի կահավորման, քվեարկության սահմանված ընթացակարգի հետ կապված հարցերին», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՄԻՊ աշխատակազմի, առերևույթ հանցագործություն պարունակող տեղեկություններն առանձնացվել են՝ քրեական հետապնդման մարմնին ուղարկելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հատկապես ուշադրությամբ է ուսումնասիրվում լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը:
Աշխատակազմը հիշեցնում է, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընդոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ: