Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»


Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի ավագանու ընտրություններին «քվեարկեց հանուն լավ Երևանի»:

Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների քվեարկության, այս անգամ նախագահի մատնահետքերը նույնականացնող սարքը ճանաչեց առանց լուրջ դժվարությունների՝ երրորդ փորձից: Ապրիլի 2-ին սարքը չէր նույնականացրել նախագահի որևէ մատնահետք:

Լրագրողի հարցն, թե ի՞նչ կփոխվի, եթե Տարոն Մարգարյանն ընտրվի քաղաքապետ, նախագահը պատասխանեց. - «Երևանը կդառնա ավելի լավը»։

Երևանի թիվ 9/18 տեղամաս նախագահը եկել էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ: Ընտրակաշառքների թեմայով հարցից հետո նախագահն առանց պատասխանելու հեռացավ:

Ի դեպ, Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված տեղամասում է սովորաբար քվեարկում նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, նրա խոսնակ Արման Մուսինյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջին նախագահն ավագանու ընտրությունների քվեարկությանը չի գնալու:

Տեր-Պետրոսյանի գլխավորած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարելուց հետո Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG