Այսօր առավոտից Կոնդ թաղամասում տասնյակ քաղաքացիներ ընտրատեղամաս գնալուց առաջ անձնագրերով, մի խումբ մարդկանց ուղեկցությամբ այցելում էին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբ:
Մոտ 15 րոպե «Ազատություն»-ը նույնպես հերթապահում էր շտաբի դիմաց, և երբ մեր թղթակիցը նկատեց, որ նրանցից մի քանիսը դուրս են գալիս գումարով, մտավ ներս, ու սկսվեց իրարանցում, ներսում գտնվողները արագ հավաքեցին փաստաթղթերը: Նրանցից մեկի ձեռքին մեծ քանակությամբ 5 հազար դրամանոցներ էին, «Ազատության» թղթակցին նկատելով՝ այդ տղամարդը թղթադրամներն անմիջապես ծալեց, դրեց պայուսակի մեջ ու վազելով դուրս եկավ շտաբից:
Շտաբում հավաքված մյուս քաղաքացիները նույնպես արագ հեռացան, հետո շտաբում գտնվող Սոնյա Եղյանը, ով, ի դեպ, Հանրապետականի ավագանու ցուցակով թեկնածու է, ասաց, որ ինքն է շտաբի լիազոր ներկայացուցիչը և որևէ գումար չի տեսել, շտաբում գումար չեն բաժանում: Նա վստահեցրեց, որ պարզապես քաղաքացիները իր մոտ են գալիս տեղեկանք խնդրելու:
«Ազատության» տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես այդ տղամարդու ձեռքին կա գումար, սեղանին կան ցուցակներ: