«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ Ոստիկանությունում «Հանցագործության մասին հաղորդում» է ներկայացրել:
«Ազատության» հետ զրույցում նա հայտնեց, որ ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակող կայքով հետևել են իրավիճակին և արձանագրել, որ թիվ 9/46 տեղամասում ոստիկանական համազգեստով երեք անձինք տեղափոխում են չհրկիզվող պահարանը, որում գտնվում են քվեաթերթիկները և վաղը անցկացվելիք Երևանի ավագանու ընտրությունների համար անհրաժեշտ այլ պարագաներ:
Փոստանջյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ տեսանյութում սեյֆի դուռը բաց է: Նա վստահ է, որ սա հանցագործություն է, ոչ ոք իրավունք չուներ գիշերը տեղաշարժել կամ բացել սեյֆը:
Ընդդիմադիր գործիչը նաև պնդեց, որ ուսումնասիրել են Ավան վարչական շրջանի մի քանի տասնյակ տեղամասեր, և դրանց մեծ մասում սեյֆը կադրում չի երևում, ու կասկածում են, որ այն տեղում չէ: