Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր մերժեց «Ելք» դաշինքի ներկայացրած դիմումը` որով ընդդիմադիր պահանջում է, որպեսզի ԿԸՀ-ն դատարան դիմի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով։
«Ելք» դաշինքը այսօր երկու դիմում էր ներկայացրել ԿԸՀ:
Առաջինով ընդդիմադիր դաշինքը պահանջում էր, որպեսզի ԿԸՀ-ն դատարան դիմի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով։
Դիմումը հիմնվում է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի արձանագրածի վրա: Ըստ այդմ Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում ենթադրաբար ընտրակաշառք է բաժանվում և կան քվեաթերթիկ հիշեցնող տրցակներ:
ԿԸՀ-ն նաև որոշեց` դիմումը, ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարության մասով, կից փաստաթղթերով ուղարկել Գլխավոր դատախազություն:
Երկրորդ դիմումով «Ելք»-ը պահանջում է, որ ԿԸՀ-ն դիմի ոստիկանություն, որպեսզի հնարավոր խախտումները բացառելու համար սահմանվի հերթապահություն ՀՀԿ-ի նախընտրական շտաբերում: Ընդդիմադիր դաշինքը պահանջում է նաև հաշվարկի ժամանակ անվավեր ճանաչել բոլոր այն քվեաթերթիկները, որոնց վրա կլինեն գունավոր գրիչներով նշումներ կամ ծրարներում հայտնաբերվեն այլ առարկաներ: «Ելք»-ի երկրորդ դիմումի մասով ԿԸՀ նիստը դեռ շարունակվում է: