Մատչելիության հղումներ

«Ելք»-ը պահանջում է ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ի գրանցումը


«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ԿԸՀ-ում
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ԿԸՀ-ում

«Ելք» դաշինքը այսօր երկու դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):

Առաջինով ընդդիմադիր դաշինքը պահանջում է, որպեսզի ԿԸՀ-ն դատարան դիմի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով։

Դիմումը հիմնվում է երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի արձանագրածի վրա: Ըստ այդմ Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում ենթադրաբար ընտրակաշառք է բաժանվում և կան քվեաթերթիկ հիշեցնող տրցակներ:

«Մեր այս փաստը փոխկապակցված է նաև խորհրդարանական ընտրություններում կաշառքի վերաբերյալ լայնորեն շրջանառվող համոզմունքի հետ: Հայաստանում նախորդող համապետական ընտրությունների ժամանակ նմանատիպ դեպքեր բազմաթիվ են եղել: Ժողովրդի մոտ այդ համոզմունքը կա, նաև դիտորդական առաքելությունների զեկույցներում կան, որ շրջանառվել են նաև քվեաթերթիկներ ընտրական տեղամասային հանձնաժողովներից դուրս, նաև բաժանվել է ընտրակաշառք», - ասաց «Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Արտակ Զեյնալյանը:

Երկրորդ դիմումով «Ելք»-ը պահանջում է, որ ԿԸՀ-ն դիմի ոստիկանություն, որպեսզի հնարավոր խախտումները բացառելու համար սահմանվի հերթապահություն ՀՀԿ-ի նախընտրական շտաբերում: Ընդդիմադիր դաշինքը պահանջում է նաև հաշվարկի ժամանակ անվավեր ճանաչել բոլոր այն քվեաթերթիկները, որոնց վրա կլինեն գունավոր գրիչներով նշումներ կամ ծրարներում հայտնաբերվեն այլ առարկաներ:

«Մեր երրորդ պահանջը կայանում է նրանում, որպեսզի վաղը տեղամասային ընտրական հանձնաժողովները, երբ որ կստանան քվեաթերթիկները, վիճակահանությամբ որոշեն երեք հանձնաժողովի անդամներին և իրենց անհատական կնիքներով կնքեն տվյալ տեղամասին քվեաթերթիկները: Այսինքն, որպեսզի դրսից եկած քվեաթերթիկները և այդ օրը տեղամասում հատկացվածները տարբերակվեն», - պարզաբանեց Զեյնալյանը:

«Ելք» դաշինքն առաջարկել է ԿԸՀ-ին առաջին դիմումը քննարկելու համար նիստ գումարել հնարավորինս սեղմ ժամկետում, որպեսզի մերժման դեպքում հնարավորություն ունենան որոշումը բողոքարկել վարչական դատարանում․ - «Վարչական դատարանը այսպիսի հնարք բանեցրել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մենք դիմեցինք Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով․ հաշվելով, որ ժամանակը ավարտված է՝ մեր դիմումի պահանջը ըստ էության քննության առարկա չդարձավ: Ուստի պահանջել ենք, որպեսզի ԿԸՀ֊ն ապահովի մեր դատարանի մատչելիության իրավունքը և մեզ վերջնական որոշում տա ոչ ուշ, քան 15.00-ն»:

Ավելի ուշ ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ դիմումները քննարկելու համար նիստը կգումարվի ժամը 20-ին:

«Ելք» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանն «Ազատության» հետ զրույցում նշեց․ - «Փաստացի իրենք փորձում են կրկնել այն նույն երևույթը, որը տեղի ունեցավ Ազգային ժողովի [ընտրությունների] ժամանակ․․․ Բայց, քանի որ տվյալ դեպքում մենք իրենց գործողությունը անգործություն ենք դիտարկում, մենք պատրաստվում ենք առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում ուղղակի դիմել միանգամից վարչական դատարան»:

«Ազատության» հարցին՝ եթե ԿԸՀ-ն չբավարարի այս դիմումը, արդյո՞ք դա բավարար հիմք է ընտրության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար, դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ - «Հայաստանի Հանրապետությունում ընտրության լեգիտիմությունը միշտ էլ կասկածի տակ ա, քանի դեռ մենք էս բոլոր հարցերը չենք լուծել: Բայց ես ուզում եմ անդրադառնալ որպես Ձեր հարցի շարունակություն, թե ինչ ակնկալիք մենք ունենք: Ընդհանրապես մեր ակնկալիքը հետևյալն է․ մենք բոլոր այդ պահին ձեռքի տակ եղած հնարավորությունը, որ թույլ կտա իրավիճակը շտկել և տեղեկացնել հանրությանը, մենք էդ բոլոր միջոցները այս պահին հարկ ենք համարում օգտագործել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG