Մատչելիության հղումներ

«Երեխաներին բերում ենք հիվանդանոց, փոխանակ լավանան՝ ավելի վատ է լինում»


Ավելի քան 10,000 մարտունեցիներ հետազոտվում և բուժվում են տեղի կիսավեր բժշկական կենտրոնում: «Ազատության» տեսախցիկը տեսնելիս՝ բուժքույրերը վրդովվեցին՝ ինչու՞ չեք տեղեկացրել նկարահանման մասին:

Հետո նրանցից մեկը հոխորտաց միջանցքում անցուդարձ անող աշխատակիցների վրա, թե՝ ինչո՞ւ են դուրս եկել միջանցք և ինչու՞ են պոլիէթիլենե թաղանթով ծածկած դռները բացել: Ի դեպ հենց այդ դռներից այն կողմ էլ նկատեցինք առաստաղից կախված ցելոֆաններ՝ որպեսզի անձրևաջրերը հատակին չթափվեն:

Մարտունի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն և մանկական բաժանմունքներում, պոլիկլինիկայի մասնաշենքերում խոնավության հոտ էր բուրում, պատերը բորբոսնած, պատուհանները տեղ-տեղ ապակու փոխարեն երկաթյա ժանգոտած թիթեղով էր փակված, հատակն էլ շարքից դուրս եկած էր: Ըստ բուժկենտրոնում մեզ հանդիպած այցելուների՝ այստեղ ձմռանը սառնամանիք է, ամռանը՝ տոթ, անձրևային եղանակներին էլ առաստաղից հեղեղ է թափվում:

«Բժիշկներից շատ գոհ ենք, բայց պայմաններից դժգոհ ենք», - ասում էին այցելուները, - «Երեխաներին բերում ենք հիվանդանոց, փոխանակ լավանան՝ ավելի վատ է լինում, որովհետև սառում են, մենք էլ հիվանդանում ենք սպասելուց»:

«Մարտունի» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Կարապետյանի խոսքով՝ իր բարեգործ ընկերների շնորհիվ հիվանդանոցը մասնակի վերանորոգվել է, այդ թվում նաև մանկական բաժանմունքի մի քանի հիվանդասենյակներ: Կերակրող մայրերի համար նախատեսված հանգստի սենյակի դուռը կողպված էր՝ բացվեց մեզ ցուցադրելու համար: Քիչ թե շատ վերանորոգված էր նաև կենտրոնում գործող ատամնաբույժի աշխատասենյակը, այնտեղ մեզ մտնել չհաջողվեց՝ բժիշկը դուռը երեսներիս փակեց:

Տնօրեն Վարդան Կարապետյանի խոսքով 20,000 քմ տարածք ունեցող շենքն օպտիմալացման կարիք ունի: Բուժկենտրոնի 234 աշխատակիցներից մեկն էլ տնօրենի կինն է, ասաց՝ նրանցից ոչ ոք աշխատավարձի խնդիր չունի, 80,000-ից մինչև 700,000 դրամ աշխատավարձ ստացողներ ունեն: Թեպետ առողջապահության նախարարը բազմիցս կրկնել է, որ մարզային կլինիկաները երիտասարդ կադրերի կարիք ունեն, տնօրենն ասաց՝ իրենք այդ խնդիրը չունեն: Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ավերակ հիվանդանոցի վերանորոգված ու տաք աշխատասենյակներից մեկն էլ իրենն է՝ Կարապետյանը պատասխանեց՝ ժառանգություն է ստացել նախորդ տնօրենից:

«Ազատության» հարցին, թե բուժկենտրոնի բյուջեին ինչքան է կազմում, տնօրենը պատասխանեց՝ «չեմ ասի, նորմալ է, դա ֆինանսական թիվ է՝ խնդրում եմ, անցանք»:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով արդեն ԱԺ նորընտիր պատգամավոր է և շուտով կդադարեցնի մարզպետի իր լիազորությունը, «Ազատությանն» ասաց՝ տեղյակ է խնդրից, մարզպետարանի ենթակայությամբ գործող հիվանդանոցի համար շուտով նոր շենք կկառուցվի․ - «Հաշվարկները կան՝ երկու անգամ ավել գումար պետք է տրամադրվի, որպեսզի վերանորոգվի, որը արդյունավետ չէ և որոշում է կայացվել նոր բժշկական կենտրոն կառուցել: Այս պահի դրությամբ, այն, ինչ Դուք տեսել եք՝ իհարկե, մինչև նոր բժշկական կենտրոնի կառուցումը այնտեղ բազմաթիվ աշխատանքներ իրականացվում են»:

Բուժկենտրոնում մեզ հանդիպած քիթ կոկորդի նախկին բժիշկ, 72-ամյա Սպարտակ Այվազյանն ասաց՝ տնօրենն իրեն պատշաճ կերպով վաստակած հանգստի ուղարկելու փոխարեն կոպտորեն հեռացրել է աշխատանքից․ - «Մարզպետը իր բարեկամին բերեց-նշանակեց Մարտունու քիթ-կոկորդի բժիշկ, ինձ հանեց – ուղարկեց Բասարգեչար, փոխանակ իր բարեկամին ուղարկեր: Ես Չհամաձայնեցի, իրար հետ վիճաբանություն ունեցանք, ես նրա վրա Կառավարություն հեռագիր ուղարկեցի, դրանից ինքը շատ վրդովվեց: Հիմա ոչ մի տեղ էլ չեմ աշխատում՝ և՛ այնտեղից եմ դուրս եկել, և՛ այստեղից ինձ ուղարկեց թոշակի»:

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նախկին բժշկի հայտարարությունը հերյուրանք որակեց՝ նրան ուղղակի թոշակի են ուղարկել: Բժիշկ Այվազյանի խոսքով, սակայն, հիվանդանոցում ահ ու սարսափի մթնոլորտ է տիրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG