Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբն այսօր արձագանքել է ՀՀԿ-ի շտաբերից մեկում 20 հազար դրամ ընտրակաշառք բաժանելու մասին «Ելք» դաշինքի ահազանգին։
ՀՀԿ-ի նախընտրական շտաբի հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»: