Մատչելիության հղումներ

Փոստանջյան. Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ իրավապահները պետք է քրեական հետապնդում սկսեն «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Փաշինյանը օրերս խոստացել էր ընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից: Փոստանջյանը դա քրեորեն հետապնդելի արարք էր որակել, ինչին ի պատասխան Փաշինյանը «Երկիր Ծիրանիի» առաջնորդին առաջարկել էր դիմել իրավապահներին։

Այսօր «Ազատության» հետ զրույցում քաղաքապետի միակ կին թեկնածուն ասաց, որ առանց իր հաղորդման էլ իրավապահները պետք է քրեական հետապնդում սկսեին «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուի նկատմամբ․ - «Ես կարիք չունեմ դիմելու: Դա հրապարակավ հայտարարություն է, և իրավապահ մարմինները, եթե իրենց կողմից չեն, իհարկե պետք է քննության առարկա դարձնեն»:

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հայտարարությունները սկսել է ուսումնասիրել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կառույցի ղեկավար Տիգրան Մուկուչյանը Ազատությանը փոխանցեց, որ այս հարցում դեռ վերջնական եզրակացություն չունեն։

Ընտրական օրենսգիրքը, հիշեցնենք, արգելում է կուսակցություններին կամ նրանց ներկայացուցիչներին քարոզչության ընթացքում ընտրողներին տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ մատուցել ու խոստանալ ծառայություններ:

Փոստանջյանը վստահ է, որ Փաշինյանը ընտրակաշառքի մասին հայտարարություն է արել, և դա հիմք է, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի․ - «Վնասում է ողջ հանրությանը: Նրանք փորձում են ասել, որ մեր հանրությունը կաշառվող է, և այդ կաշառվելուց այն կողմ մենք հիմա ոչ մի տեսլական չունենք»:

Փաշինյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու Փոստանջյանի հայտարարությունից «Ելք» դաշինքում հիասթափվել են։ Նախընտրական շտաբի պետ Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Փոստանջյանին իրենց ընկերն էր համարում․ - «Քրեական հետապնդում սկսելը դա աբսուրդի ժանրից է: Եվ եթե մարդիկ կան, օրինակ, մի երկու հոգի տեսել եմ Հայ ազգային կոնգրեսից են գրում, որ անպայման պետք է ԿԸՀ-ն հանի «Ելք» դաշինքին մրցակցությունից: Փոստանջյանն էլ ա նույն կարծիքին: Դե թող դիմեն ՀԸԿ, մեզ հանեն մրցակցությունից, թող դիմեն դատախազություն՝ մեզ տանեն դատեն»:

Մարուքյանը պնդում է, որ Փաշինյանի հայտարարությունը քրեական հետապնդման համար հիմք չի կարող լինել, բայց «Հայաստանում ամեն բան էլ հնարավոր է, եթե գործ հարուցվի՝ իրենք պատրաստ են պաշտպանվել»․ - «Ես չեմ ասում ամենահաջող տարբերակն է։ Բայց դուք ինձ ասեք այլ հաջող տարբերակներ, որ մյուս ուժերը առաջարկել են: Ի՞նչ են առաջարկել․․․ գնալ հայհոյել ընտրակաշառք վերցնողներին․․․ Գնալ աղքատության մեջ գտնվող մարդկանց վրա մառ թափ տալ, հա՞ ․․․ Թե՞ էդ մարդկանց սոցիալական վիճակը բարձրացնել, որ նրանք պաշտպանված լինեն»:

«Ելքի» շտաբի պետը համոզված է, որ իրենց քննադատների տրամաբանությամբ շարժվելու դեպքում բոլոր ծրագրային խոստումները կարելի է կաշառք համարել։ Մարուքյանը պնդում է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոտ 3 միլիարդ դրամի սոցիալական աջակցության բյուջե ունի, և հենց այդ գումարով էլ իրենք պատրաստվում են վճարել քաղաքացիների 15 հազար դրամները․ - «Սոցիալական աջակցության փաթեթ ընտրակաշառքի զոհերին առաջարկում է միայն «Ելք» դաշինքը: Եթե ուզում են, որ էդ ծրագիրը իրագործվի, միանշանակ պետք է «Ելք»-ին ընտրեն․․․ Դա չի ստացվում, որ ընտրակաշառք է: Դա նախընտրական ծրագիր է, նախընտրական խոստում է»:

Վնասեց, թե օգուտ տվեց այս նախաձեռնությունը, «Ելք»-ում ասում են՝ ընտրությունների արդյունքից կերևա։ Ակնհայտ է, սակայն, որ այն լուրջ տարաձայնություն է ստեղծել երկու ուժերի միջև: Չնայած դրան «Ելք»-ում պնդում են, որ պատրաստ են քաղաքապետարանում համագործակցել «Երկիր Ծիրանի»-ի հետ:

Իսկ վերջինիս առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հարցականի տակ է դնում «Ելք»-ի ընդդիմադիր լինելն ու պնդում, որ 15 հազար դրամ տալու մասին հայտարարություն անող ուժը իր համար Հանրապետականից չի տարբերվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG