Հայաստանը երեկ հերթական անգամ պաշտպանել է Կրեմլին միջազգային հարթակում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդում, երբ քվեարկության է դրվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների հարցը: Նիկոսիայում կայացած հանդիպմանը, «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, Հայաստանից բացի, Ռուսաստանի օգտին են քվեարկել միայն Ղրղըզստանը, Բելառուսն ու Մոնղոլիան: Ադրբեջանն ու Ուզբեկստանը, մինչդեռ, մնացել են ձեռնպահ:
Խորհրդում վեճը սկսվել էր Ղրիմի բռնակցումից հետո, երբ Եվրոպական բանկը որոշել էր ժամանակավորապես սառեցնել նոր ծրագրերն ու ներդրումները Ռուսաստանում: Տարիներ շարունակ այդ արգելանքի դեմ ապարդյուն պայքարելուց հետո, երեկ, ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը որոշել է խստացնել քննադատությունը: Կրեմլի ներկայացուցիչը, մասնավորապես, պնդել է, թե սահամանված պատժամիջոցը քաղաքական դրդապատճառներ ունի և ոչ միայն խախտում է բանկի կանոնադրությունը, այլև կասկածի տակ դնում դրա ֆինանսական կայունությունը:
«Այս որոշումը միջազգային ֆինանսական հարաբերություններում ստեղծել է չափազանց վտանգավոր նախադեպ, ՎԶԵԲ-ը դարձել է արտաքին քաղաքականության, ոչ թե զարգացման գործիք»,- հայտարարել է Օրեշկինը՝ Ռուսաստանի անունից բաժնետերերին հորդորելով փոխել իրավիճակն ու հավասարակաշռված որոշում կայացնել: Կրեմլի այս հորդորին, սակայն, ներկաներից միայն չորս երկիր է հետևել, մեծամասնությունը կամ դեմ է քվեարկել, կամ չի մասնակցել քվեարկությանը:
«Որոշումը վերջնական է և պարտադիր»,- հայտարարել է բանկի ղեկավար Սումա Չակրաբարտին՝ «սպեկուլյատիվ» որակելով ռուսական կողմի մեղադրանքները: Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները փաստում են, որ միայն այս սահմանափակման պատճառով՝ երկրի տնտեսությունը միլիարդների վնաս է կրում:
Այսպես․ եթե 2012-ին եվրոպական բանկն ավելի քան 10 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագրեր էր իրականացնում Ռուսաստանում, ապա այս տարի այդ ցուցանիշը եռակի կրճատվել է՝ հասնելով շուրջ 3,5 միլիարդ եվրոյի: Ավելի վաղ ՌԴ Ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ եթե Կրեմլին չհաջողվի վերացնել սահմանափակումը, 2-3 տարի անց արդեն ՎԶԵԲ-ի ներդրումները Ռուսաստանում կհասնեն զրոյական մակարդակի:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հիմնադրվել է 1991 թվականին՝ խնդիր ունենալով աջակցել նախկին ԽՍՀՄ երկրներին՝ շուկայական հարաբերությունների անցնելու հարցում: