Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին


Քանի՞ տարի է պետք նախանշած խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար: Այս հարցին շուրջ 18 տարի իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հետևյալ պատասխանը տվեց․ «Եթե Մովսեսը 40 տարի իր ժողովրդին տանում էր անապատով, որպեսզի Ավետյաց երկիր հասնի, իսկ Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել, ակնհայտ է, որ 25-ամյա պետականություն ունեցող Հայաստանը, անգամ իր ամբողջ քաղաքական, ինտելեկտուալ և մարդկային ներուժով, դեռ ունի ժամանակ, որպեսզի հասնի իր երազած զարգացման աստիճանին բոլոր ոլորտներում»:

Հայաստանի հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններն այսօր նախագահական նստավայրում ստորագրեցին քաղաքական կոալիցիա կազմելու մասին հուշագիր։

Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագրողներին փոխանցեցին՝ հուշագիրն առաջիկա հինգ տարիների համար է:

«Հիմնական ոլորտային ուղղություններից են լինելու հակակոռուպցիոն պայքարը, «Ազգ բանակ» հայեցակարգի ամբողջական ներդնումը, իրավական դաշտի բարեփոխումները գործող Սահմանադրության համատեքստում, մրցունակ տնտեսության զարգացումը և, իհարկե, մարդու, մարդու ազատությունների և իրավունքների հետ շաղկապված ինստիտուտների հետագա զարգացման խնդիրները»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Աղվան Վարդանյանն, իր հերթին, ասաց․ - «Աստված առաջ, կարծում եմ՝ մենք փորձառություն ունենք, մենք ունենք արժեքային շատ մեծ ընդհանրություններ և լավ աշխատանքի, համառ աշխատանքի պարագայում՝ կկարողանանք մեր երկրում նոր որակ բերել»:

Դաշնակցության կողմից կոալիցոն հուշագիրը ստորագրեց Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Հուշագրի ստորագրմանը ներկա էր վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, նաև կուսակցության քաղաքական հանձնաժողովի նախագահ Կարեն Կարապետյանը: Սակայն, վարչապետի, Հայաստանի նախագահ՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի,Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ներկայությամբ փաստաթուղթը ՀՀԿ-ի անունից ստորագրեց ոչ թե Կարապետյանը, այլ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ ստորագրումն իրենց վստահվեց, Աշոտյանը պատասխանեց․ - «Որովհետև մեր ձեռքը թեթև է․․․»:

Կոալիցիայի շրջանակներում համագործակցության պատրաստվող ուժերն այսօր էլ չհստակեցրին՝ Հանրապետականի ու Դաշնակցության միջև գործադիրում պաշտոններն ինչպե՞ս են բաշխվելու: Անցած տարվա համաձայնությունների շրջանակում երեք դաշնակցականներ ստացել էին նախարարական, երկուսը՝ մարզպետի պորտֆելներ:

Աղվան Վարդանյան այս առնչությամբ նշեց․ - «Այս հուշագրի մեջ որևէ պաշտոնի մասին խոսք չկա, կա միայն մեկ բացառություն, որ Հանրապետության վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Մյուս բոլոր խնդիրները կքննարկվեն ըստ ժամանակացույցի»:

Աշոտյանն, իր հերթին, հավելեց․ - «Այդ բացառությունը նաև գործող Սահմանադրության դրույթ է»:

Կարեն Կարապետյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է 2018-ից հետո էլ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ և ղեկավարել երկիրը, արդյո՞ք դա կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք է, թե ցանկության բարձրաձայնում․ «Ազատության» այս հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց․ - «Ինչպես գրված է կոալիցիա կազմավորելու մասին մեր նոր հուշագրում, վարչապետի թեկնածությունը կառաջադրվի Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից: Կարծում եմ՝ սա սպառիչ քաղաքական, իրավական և հրապարակային պատասխանն է ձեր մտահոգություններին, թե ինչ է լինելու 2018 թվականի ապրիլից հետո: Այդ պատասխանները կտանք այդ ժամանակահատվածում»:

Ի դեպ, Աղվան Վարդանյանն իբրև նախորդ համաձայնագրի և այս հուշագրի միջև էական տարբերություն՝ նշեց վարչապետի փոփոխությունը․ - «Տարբեր վարչապետներ էին ներկա, սա, ես կարծում եմ, շատ էական է»:

Հանրապետականն ու Դաշնակցությունը կոալիցոն հուշագրում գրել են, որ հավատարիմ են անցած տարի կնքած համաձայնագրին, պատասխանատու՝ դրանում ամրագրված դրույթների կատարման համար և ձևակերպել են նոր առաջնահերթություններ՝ «նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին, ամբողջացնել «Ազգ-բանակ» հայեցակարգը»: Ավելի քան մեկ տարի առաջ կողմերը հանձն էին առել «շարունակել բարեփոխել մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող համակարգը։ Անդրադարձել էին շահերի բախման հնարավոր դեպքերը բացահայտելու և կանխելու, անօրինական գործունեության համար անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատելու ամբողջական համակարգի ստեղծման անհրաժեշտությանը:

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ իրենց արածի արդյունքը տեսանելի է, բայց բոլոր ոլորտներում դեռ հսկայական անելիք ունեն:

Արմեն Աշոտյանը կարծում է, այդ համագործակցության դրական արդյունքներից է նաև Ընտրական նոր օրենսգիրքը, որով էլ, նրա խոսքով, «աննախադեպ որակյալ ընտրություններ անցկացվեցին»:

Քանի՞ տարի է պետք նախանշած խնդիրները ամբողջությամբ լուծելու համար, այս հարցին շուրջ 18 տարի իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց․ - «Եթե Մովսեսը 40 տարի իր ժողովրդին տանում էր անապատով, որպեսզի Ավետյաց երկիր հասնի, իսկ Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել, ակնհայտ է, որ 25-ամյա պետականություն ունեցող Հայաստանը, անգամ իր ամբողջ քաղաքական, ինտելեկտուալ և մարդկային ներուժով, դեռ ունի ժամանակ, որպեսզի հասնի իր երազած զարգացման աստիճանին բոլոր ոլորտներում»:

Այսօր ստորագրված հուշագրում նկարագրված է նաև կոալիցան լքելու կարգը․ «Կողմերի միջև բանակցությունների միջոցով տարաձայնությունների շուրջ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից»:

Հուշագրում նաև որոշումներ ընդունելու համախոհության մասին է խոսվում, որի բացակայության դեպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքը, կարող են հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները:

«Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում և օղակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG