Կառավարության հրաժարականից մեկ շաբաթ առաջ գործադիրի նիստն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն ավարտվեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հրաժեշտ տալով:
Կարապետյանը շուրջ երկու տարի Արդարադատության նախարարությունը ղեկավարած Հովհաննիսյանին հաջողություն մաղթեց Ազգային ժողովում․ - «Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել տիկին Հովհաննիսյանին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, ցանկանալ իրեն ամենայն բարիք և այդ արդյունավետությունը, որն ինքը ցուցաբերել է կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում»:
33-ամյա նախարարը խորհրդարանական ընտրություններին զբաղեցնում էր իշխող Հանրապետականի ընտրական ցուցակի 3-րդ համարը: Ի տարբերություն պատգամավոր ընտրված կառավարության այլ անդամների, Հովհաննիսյանը օրենսդիրի մանդատից չի հրաժարվել:
Արդյո՞ք Հովհաննիսյանը նորընտիր խորհրդարանում կզբաղեցնի ղեկավար պաշտոն․ այս հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունից խնդրեցին սպասել Ազգային ժողովի առաջին նիստին, որը կկայանա մայիսի 18-ին:
Հայաստանի պատմության ամենաերիտասարդ նախարարի հեռանալը արդարադատության գերատեսչությունից դրական է գնահատում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը․ - «Մենք բազմաթիվ լարված իրավիճակների ականատեսը դարձանք, երբ նախարարը առհասարակ կա՛մ անտարբեր էր, կա՛մ հերքում էր իրականությունը, եղելությունը և ոչնչով չէր օգնում, չէր կարողանում կարգավորել ծագած հարցերը: Ես պետք է հիշեցնեմ Վարդգես Գասպարիի նկատմամբ քրեակատարողական հիմնարկում բռնության դեպքերը, երբ նրան խցից խուց էին փորձում տեղափոխել, բայց միևնույն է այդ բռնությունը տեղի էր ունենում, Գևորգ Սաֆարյանի դեպքում: Եվ երբ հացերը հասնում էին նախարարին, նա կտրականապես հերքում էր, թե նման բան տեղի ունեցել է քրեակատարողական հիմնարկում»:
Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հերքող Հովհաննիսյանը, ըստ իրավապաշտպանի՝ առաջին հերթին գործել է ոչ թե արդարադատության, այլ Հանրապետական կուսակցության շահերի համար․ - «Ինչ վերաբերում է վերջին արտառոց դեպքին, «Հաց բերողի» դեպքին, պետք է ասեմ, որ նախարարը հավասարապես կիսում է գլխավոր դատախազի հետ այդ մեղքը, որ մարդուն հասցրեցին մահվան․․․ Բացարձակ անտարբերության արդյունքն էր, անտեղյակության, թե ինչպիսին է «Հաց բերողի» առողջական վիճակը: Եվ կարելի՞ էր մարդուն պահել այնքան կալանքի տակ, մինչև որ նա հասներ մահված շեմին: Արփինե Հովհաննիսյանը ավելի շատ հանդես էր գալիս որպես Հանրապետական կուսակցության անդամ, քան որպես Արդարադատության նախարար»:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ մայիսի 18-ին, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, որպեսզի խորհրդարանը ձևավորի նոր գործադիր մարմին:
Անցած տարեվերջին Հանրապետական կուսակցության համագումարում նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց ուժի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը շարունակելու է ղեկավարել գործադիր մարմինը: Օրեր առաջ էլ Ավստրիայի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում վարչապետը նշել էր, որ պատրաստ է 2018-ից հետո էլ, երբ կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, մնալ Հայաստանի վարչապետ ու դառնալ երկրի ղեկավար: