Մատչելիության հղումներ

Ղարաբաղում գնդակոծվել է «Շանթ» ՀԸ մեքենան, վիրավորվել է օպերատորը


«Շաթ» ՀԸ գնդակոծված մեքենան, լուսանկարը տրամադրել է Արամ Աբրահամյանը
«Շաթ» ՀԸ գնդակոծված մեքենան, լուսանկարը տրամադրել է Արամ Աբրահամյանը

Ւնչպես տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից, երեկ երեկոյան ժամը 18:00 -ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված ‹‹ՇԱՆԹ›› հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը: Նա տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ, ցուցաբերվել է առաջին վիրաբուժական օգնություն:

ԼՂ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, ասաց․ «Դեպքը տեղի է ունեցել մեր սահմանների խորքում: Միանշանակ է, որ ադրբեջանական կողմը ինչ որ օբյեկտ կամ մարդ տեսնելիս անմիջապես գնդակոծության է ենթարկում: Դեպքը տեղի է ունեցել հյուսիսային սահմանի մոտ, այն ճանապարհի վրա, որն օգտագործվում է ամենօրյա մարտական հերթապահություն իրականացնելու համար: Մեքենայի վրա կրակել են խոշոր տրամաչափի դիպուկահար զենքից»:

Ստեփանակերտի հոսպտալից հրաժարվեցին տեղեկացնել, թե ինչ վիճակում է այժմ այնտեղ գտնվող վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը: Սակայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Աթոյանի կյանքին վտանգ չի սպառնում, արդեն վիրահատել են վնասվածք ոտքը:

«Կյանքին որևէ վտանգ չի սպառնում, վիրահատությունը լավ է անցել: Մի քիչ կպառկի, կապաքինվի, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու: Գիտեք, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, նրանք գիտեին, որ լրագրողներ են, որովհետև նկարահանում են: Թիրախավորել են, հատուկ իմանալով, որ նրանք լրագրողներ են: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ում հետ մենք գործ ունենք՝ ահաբեկչական հանցագործ պետության և ռեժիմի հետ»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա այսօր ավելի ուշ հանդիպել է օպերատոր Դավիթ Աթոյանին, պատմում է, որ անգամ վիրավոր վիճակում, Աթոյանը «ցուցաբերել է տղամարդկություն և խիզախություն», և չնայած արնահոսությանը, թույլ չտվել, որ զինծառայողները մոտենան իրեն ու օգնություն ցույց տան: «Երբ մեր տղաները՝ զինծառայողները փորձել են իրեն դուրս բերել այդ տեղից, նա չի թողել, քանի որ կրակում էին անընդհատ ադրբեջանցիները: Թույլ չի տվել, որ հանկարծ որևէ մեկը չվիրավորվի կամ չզոհվի: Սպասել է այնքան, որ մութն ընկել է, նոր դուրս են բերել։ Մի քանի ժամ չի թողել, որ տղաները մոտենան, դա հերոսություն է, սխրանք է»,- շարունակեց Դավիթ Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ անցած գիշեր իրադրությունն առաջնագծում լարված է եղել: Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետեր և հրանոթներ: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում, Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմը կատարել է զրահատեխնիկայի՝ շուրջ 10 տանկի տեղաշարժ: Ավելի ուշ տանկերը վերադարձել են իրենց ելման շրջաններ: Ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Արձագանքելով «Ազատության» հարցին՝ արդյո՞ք սահմանին տանկերի տեղաշարժը ահազանգ է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ինչ-որ գործողությունների, Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պատասխանեց՝ հակառակորդը կվերսկսի ռազմական գործողությունները միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ հաջողության կհասնի:

«Տեղաշարժն այն չէ, որ ասենք՝ այսօր տեղաշարժ են սկսել, կարող ա ռազմական գործողությունները սկսվեն: Տեղաշարժը որևէ բան չի հուշում: Մենք իրավունք չունենք ինչ-որ գուշակություններով զբաղվել: Կարող եմ միանշանակ ասել, որ Ադրբեջանը, երբ հնարավորություն եղավ, սկսելու ա ռազմական գործողություններ»,- ասաց Բալասանյանը:

Ղարաբաղի ԱԽ քարտուղարն ընդգծում է՝ վերջին շրջանում, հատկապես թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո, լարվածության աճ սահմանին նկատվում է: Հիշեցնենք՝ մայիսի 1-5-ը Ադրբեջանում համատեղ թուրք- ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին, որոնց նպատակը, ըստ APA գործակալության, փորձի փոխանակման միջոցով երկու երկրների զինված ուժերի մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելն էր։

«Դա Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ձեռագիրն ա, տարածաշրջանում միշտ լարվածությունը պահեն»,- նշեց Վիտալի Բալասանյանը, հավելելով, որ վերջին շրջանի լարվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ «Թուրքիայի գործոնը, Ադրբեջանի ներքին լարվածությունը, ներքին դժգոհությունները, նաև Ադրբեջան-Ռուսաստան ինչ-որ պայմանավորվածություններ, Ադրբեջան-Մինսկի խումբ»: Հնարավո՞ր է ռազմական գործողությունների վերսկսում, այս հարցին ԼՂ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Երբեք չի կարելի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ աշխարհում արդեն իսկ անկանխատեսելի զարգացումները շատ շուտվանից են սկսվել»:

Այսօր ավելի ուշ Հայաստանի քննչական կոմիտեից տեղեկացրին, որ «հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ» հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG