Ռուսաստանաբնակ գործարար, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը հայտարարում է, որ պատրաստ է ֆինանսավորել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։
«Զարուհի Փոստանջյանն իր անցած ուղով, սկզբունքներին հավատարմությամբ ապացուցել է, որ արժանի է և ունակ լինել Երևանի քաղաքապետ», - հայտարարել է գործարարը։
Ըստ Մոսկվայի հայկական թանգարանի մամուլի ծառայության հաղորդագրության, անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցությանը ֆինանսապես աջակցելու մասին մամուլի հրապարակումներին՝ Գրիգորյանը նշել է, որ հարցը կձևակերպեր այլ կերպ: «Ես պատրաստ եմ աջակցել «Երկիր Ծիրանիին», այդ թվում՝ և ֆինանսապես, եթե դրա անհրաժեշտությունը լինի», - ասել է գործարարը՝ շարունակելով. - «Երևանը տարիներ շարունակ կառուցապատվել է ոչ թե քաղաքաշինական, այլ ագահության նորմերով: «Երկիր Ծիրանիի»՝ քաղաքային իշխանության գալը շանս է վերջ դնել Երևանի պատմության այս անփառունակ էջին»:
Հիշեցնենք, մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ռուբեն Գրիգորյանն է ֆինասնավորում Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Փոստանջյանը հերքել էր այս պնդումները։ «Նրանից մենք ֆինանսական աջակցություն չենք ստացել, բայց ինքն իմ լավագույն ընկերներից մեկն է», - «Ազատության» հետ զրույցում ասել էր ընդդիմադիր գործիչը։
Նշենք, որ Գրիգորյանը նաև «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահն է, ընկերությունը Ռուսաստանում զբաղվում է բնակելի և կոմերցիոն շենքերի շինարարությամբ։