Երկու շաբաթ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատարանի դահլիճից հեռացրել էր ոստիկանության գունդը գրաված Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլի») եղբորը՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Արարատ Խանդոյանը, չհամաձայնելով դատախազի տեսակետին, լքել էր նիստերի դահլիճը։ Նրան հետևել էր պաշտպան Արա Ղարագյոզանը, ինչից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում էր կայացրել փաստաբանին զրկել Խանդոյանի պաշտպանությունից։
Եվ այսօր արդեն դատավորի հրավերով դատարան էր եկել հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանը։ Նա, սակայն, դատարանում հայտարարեց՝ քանի որ Արարատ Խանդոյանը չի հրաժարվել իր պաշտպանից, ինքը չի կարող ստանձնել նրա պաշտպանությունը։
Լիաննա Գասպարյանը ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակ ուղղված Խանդոյանի նամակը, որտեղ նա նշում է, որ փաստաբան Արա Ղարագյոզյանից չի հրաժարվում․ - «Հարգելի դատարան, ես ներկա պահին չեմ կարող որևէ դատավարական գործողությունների մասնակցել, քանի որ ես օրենքով սահմանված կարգով պաշտպանի կարգավիճակ չեմ ձեռք բերել: Անձը ունի պաշտպան, որը որ իր ընտրությամբ է կատարվել: Իր՝ պաշտպան ունենալու իրավունքից օգտվել է և ընտրել է իր պաշտպանին»:
Մինչդեռ թե՛ Խանդոյանի, թե՛ հանրային պաշտպան Լիաննա Գասպարյանի պնդումները դատավոր Մնացական Մարտիրոսյանին չբավարարեցին։ Նա նրանց կամքին հակառակ Լիաննա Գասպարյանին ներգրավեց որպես Խանդոյանի պաշտպան, ապա Խանդոյանին հեռացրեց նիստերի դահլիճից։
Փաստաբան Արա Ղարագյոզյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե քանի դեռ Փաստաբանական պալատը իրեն պատասխանատվության չի ենթարկել, և Արարատ Խանդոյանն իրենից չի հրաժարվել, ինքը համարվում է Խանդոյանի պաշտպանը․ - «Այո, Քրեական դատավարությունով սահմանված է, որ առանց նախագահող դատավորի պետք է պաշտպանը չլքի նիստերի դահլիճը, բայց այստեղ կար նաև իմ պաշտպանյալի շահը, որն էր գերակա, քանի որ ես նրա հետ ի սկզբանե հանձնարարություն ունեմ կնքած՝ առանց իրեն որևէ գործողություն չանելու: Թեպետ ես դա դատարանին ներկայացրեցի, սակայն դատարանի համար դա որևէ նշանակություն չունեցավ»:
Արա Ղարագյոզյանի կարծիքով, դատավոր Մնացական Մարտիրոսյանը խախտել է օրենքը՝ փորձելով ճնշում գործադրել իր եւ իր պաշտպանյալի նկատմամբ․ - «Քանի որ ես պարբերաբար հայտարարում էի, որ նախագահող դատավորը կատարում է քաղաքական պատվեր, և, ինչպես գիտեք, Հայաստանում ինչքան քաղաքական բանտարկյալ կա, բոլորը որոշման հիման վրա է, նրա համար դա շատ լավ առիթ է, որ ինձ ճնշում գործադրի»:
«Սասնա ծռերի» գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նույնպես անօրինական է համարում դատավորի որոշումը․ - «Կարծում եմ, որ Արա Ղարագյոզյանը չի խախտել օրենքը: Երևի թե պարոն Մարտիրոսյանին թվում է, որ իր պահանջը եղել է օրինական: Այս դեպքում գործով մասնակցող պաշտպանը, երևի գնահատելով իրավիճակը և տեսնելով, որ ակնհայտ անօրինական որոշում է կայացվում, և պաշտպանը, առաջնորդվում է նախ և առաջ իր պաշտպանյալի շահերով»:
Արարատ Խանդոյանը, հիշեցնենք, մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ զանգվածային անկարգությունների ժամանակ Խանդոյանը բռնություն է գործադրել, ձեռքերով և ոտքերով հարվածել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանի վահանը: Խանդոյանը մեղքը չի ընդունում։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: