Մատչելիության հղումներ

Գերմանիան քաղաքական ապաստան է տալիս թուրք զինվորականներին և նրանց ընտանիքներին


Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյեր, արխիվ
Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյեր, արխիվ

Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ գերմանական իշխանությունները բավարարել են քաղաքական ապաստան հայցող թուրք զինվորականների և նրանց ընտանիքների անդամների դիմումները:

Գերմանիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայաններում ծառայող թուրք զինվորականները քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել էին անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից և դրան հաջորդած զանգվածային ձերբակալություններից հետո: Ապաստան տրամադրելու խնդրանքով Գերմանիայի իշխանություններին դիմած զինվորականները լուրջ կասկածներ ունեին, որ Թուրքիա վերադառնալու դեպքում կարող են քրեական հետապնդման ենթարկվել:

«Ներգաղթի դաշնային ծառայության որոշմամբ, Գերմանիայի տարածքում ապաստան է տրամադրվել Թուրքիայի մի շարք քաղաքացիների: Այդ որոշումը կայացվել է գործող օրենքների և կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան, սակայն՝ առանց գործադիր իշխանության միջամտության: Բնական է, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին հաջորդած իրադարձություններն ազդել են այդ չափորոշիչների վրա», - երեկ հայտարարում էր Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:

Նրա խոսքով՝ Բեռլինում շատ լավ հասկանում են, որ այդ որոշումը, ամենայն հավանականությամբ, բացասաբար կազդի թուրք - գերմանական հարաբերությունների առանց այդ էլ ճգնաժամային վիճակի վրա:

«Հարաբերությունները իհարկե վատ են: Դրա հետ մեկտեղ, Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր գործընկերն է, և անվտանգության ապահովման տեսանկյունից այդ երկիրը մեծ կարևորություն ունի: Բայց Թուրքիայում կայացած հանրաքվեն և այնտեղ արձանագրվող քաղաքական զարգացումները իրոք մտահոգիչ են: Ամեն դեպքում, մենք չէինք ցանկանա իրավիճակը բարդացնել», - հայտարարում էր Գերմանիայի ներքին գործերի նախարարը:

Թոմաս դե Մեզյերի հայտարարություններին զուգահեռ՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Քյոլնում գործող WDR ռադիոկայանի եթերում երեկ հայտարարեց, որ եթե Անկարան որոշի հանրաքվե անցկացնել երկրում մահապատժի վերականգնման հարցի շուրջ, ապա Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիները չեն կարողանա մասնակցել այդ քվեարկությանը:

«Որպես կանոն, մենք չենք պատասխանում հիպոթետիկ հարցերին, սակայն այս մի խնդիրը, ցավոք սրտի, այլևս դուրս է զուտ ենթադրությունների շարքից: Մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնելու հեռանկարն արդեն իսկ քննարկվել է Թուրքիայում, ուստի շատ կարևոր է ընդգծել` Գերմանիան չի թույլատրի իր տարածքում քվեարկություն անցկացնել մի խնդրի շուրջ, որը մենք կտրականապես մերժում ենք», - հայտարարում էր Անգելա Մերկելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG