Մատչելիության հղումներ

Բախումներ Մոսկվայում՝ հայերի և ադրբեջանցիների միջև


Մոսկվայում մայիսի 9-ին կայացած շքերթի ժամանակ հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել:

Salam News-ի փոխանցմամբ, «Անմահ գունդ» կոչվող շքերթի ժամանակ, երբ հարազատները տանում էին 1941-45 թվականների Հայրենական պատերազմում զոհված իրենց նախնիների լուսանկարները, Ռուսաստանում բնակվող հայերը շքերթի են դուրս բերել Լեռնային Ղարաբաղի դրոշը։ Ադրբեջանցիներն իրենց հերթին բարձրացրել են իրենց երկրի դրոշը և սկսել բացականչել՝ «հեռացրե՛ք փալասը»:

Salam News-ի տեսանյութից և լուսանկարներից երևում է, որ երկու խմբերից իրեր են նետվում միմյանց վրա, ռուսական հատուկ ջոկատայինները կանգնած են հայերի ու ադրբեջանցիների միջև:

Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենի «Բելառուսկայա» կայարանի մոտ:

Ըստ այս գործակալության, Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները «Արցախ» են վանկարկել՝ ծածանելով Ղարաբաղի դրոշը: Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները պահանջել են հեռացնել «անջատական ռեժիմի» դրոշը, սակայն հայերը հարձակվել են նրանց վրա, ինչի արդյունքում մի քանի ադրբեջանցիներ են տուժել: Տեղում գտնվող ոստիկանները իսկույն միջամտել են: Ադրբեջանցիները ոստիկաններից ու հատուկջոկատայիններից ևս պահանջել են հեռացնել Ղարաբաղի դրոշը, բայց նրանք ուշադրություն չեն դարձրել այդ պահանջների վրա:

Հայերի ու ադրբեջանցիների միջև բախումները կանխելու նպատակով հատուկջոկատայիններն ուղեկցել են հայերի շքերթը, իսկ ադրբեջանցիներին որոշ ժամանակ պահել տեղում՝ ավելի ուշ թողնելով մասնակցել շքերթին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG