Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, պնդելով, որ Սամվել Բաբայանը նշված անձին չի ճանաչում:
«Սամվել Բաբայանին մեղադրում են նրանում, որ իբր նա պատվիրել է՝ ձեռք բերել այդ զենքը, խոստացել է դրա համար դրամական գումար: Խմբի կողմից այն մաքսանենգ ճանապարհով Վրաստանից բերվել է Հայաստան: [Բաբայանը] խոստացել է մի քանի օր հետո վճարել խոստացած 50 հազար ամերիկյան դոլարը: Մեղադրանքում տեղ գտած այդ գործողություններից ոչ մեկը Սամվել Բաբայանի կողմից չեն կատարվել: Գործում առկա է ընդամենը մեկ անձի ցուցմունք, որն ասում է, որ ենթադրում եմ, որ այդ զենքը Սամվել Բաբայանը կարող էր պատվիրած լինել»,- «Ազատությանն» ասաց Ավետիս Քալաշյանը, մանրամասնելով․
«Այդ ենթադրությունն արած անձն ավելի վաղ Բաբայանի հետ միաժամանակ ձերբակալված ապա կալանավորված Արմեն Պողոսյանն է: Այդ անձին Սամվել Բաբայանը չի ճանաչում, այդ անձը նույնպես Սամվել Բաբայանին չի ճանաչում, մեղադրանքի առաջադրման հիմք է հանդիսացել ինչ-որ անձի ենթադրություն»,- ասաց Քալաշյանը: