Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումը չի խրախուսվում այլ ընդդիմադիր ուժերի կողմից


Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին շաբաթը նոր առաջարկով սկսած «Ելք» դաշինքը հայտնվել է քննադատությունների թիրախում։ Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստումը՝ ընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից, «սխալ» է որակում մյուս մասնակից ընդդիմադիր ուժի՝ «Երկիր Ծիրանի»-ի առաջնորդը։

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նշում է՝ Փաշինյանը կրկնվում է, նախաձեռնությունը տեղին չէ։ «Ես առաջին հերթին պետք է ասեմ, որ նա ինքը իր գրպանից չի տալիս, քաղաքապետարանի բյուջեն այս պահին էլ նման սոցիալական աջակցություն տրամադրում է, հետևաբար՝ այդ մասին ուղղակի շահարկել-կրկնելը, կարծում եմ, հարիր չէ: Հետևաբար, լրացուցիչ ուղղակի գալ ասել, որ ես էլ կտրամադրեմ, դա ճիշտ չէ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

15 հազարական դրամ բաժանելու խոստման փոխարեն, պետք է փոխել քաղաքական համակարգը՝ պայքարելով աղքատության դեմ, հավելում է Փոստանջյանը։ «Ելք»-ի այս խոստումը չի արդարացնում նաև «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ձեռնպահ մնալով գնահատականներ հնչեցնելուց, ընդդիմադիր այս ուժի ներկայացուցիչը մյուս ընդդիմադիրին խորհուրդ է տալիս զերծ մնալ «իշխանությանը բնորոշ ձեռագիրից»։ «Միայն հետևյալը կասեմ, որ երբեք պետք չի փորձել նմանվել իշխանությանը և պայքարել նրա դեմ իր զենքով»,- ասաց Զուրաբյանը:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ մայիսի 14-ին իրենց հաղթանակին կարող է խանգարել միայն ընտրակաշառքը, որի դեմ պայքարում էլ մշակվել է սոցիալական աջակցության այս ծրագիրը։ Օրենքով, սակայն, արգելված է ոչ միայն քարոզարշավի ընթացքում քվեի դիմաց նյութական օժանդակության տրամադրումը, այլև դրա խոստումը։

Այդ պարագայում ինչո՞վ է ծրագիրը տարբերվում ընտրակաշառքից։ Այս հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանում է․ ««Ելք» դաշինքի ներկայացուցիչ Երևանի քաղաքապետը չի թալանելու Երևան քաղաքը՝ տանի լցնի իր էլիտար տան նկուղները, որ ընտրություններից առաջ հանի և մարդկանց ողորմություն բաժանի: Մենք մարդկանց ասում ենք, որ դուք որևէ մեկի ողորմության անհրաժեշտությունը չունեք, դուք ունեք քաղաք, դուք ունեք քաղաքի բյուջե և քաղաքի բյուջեի մասին որոշումներ կայացնելու իրավունք»,- «Ազատությանն» ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելում է՝ պատրաստ է այդ 15 հազար դրամը տալ անգամ նրան, ով թեև կարիքի մեջ է, բայց ընտրել է Տարոն Մարգարյանին։ Գործող քաղաքապետին ու նաև իշխանությանը համարելով ընտրակաշառքի միջոցով վերարտադրվողներ՝ Փաշինյանը չի հստակեցնում՝ ինչպե՞ս կարձագանքեր ինքը, եթե նման խոստում տար Հանրապետականի թեկնածուն․ «Ես Տարոն Մարգարյանի արած որևէ բան չեմ պատրաստվում ողջունել»:

Մի վերցրեք 10 հազար դրամ կաշառքը և ստացեք 15 հազար դրամ սոցիալական աջակցություն՝ Փաշինյանի այս գաղափարին արձագանքել է նաև Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետականի շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը։ «Ինչու՞ է գտնում, որ մեր ժողովուրդը պոտենցիալ կոռուպցիոներ ա, ես կարծում եմ, որ ժողովուրդը կաշառք չի վերցնում, որովհետև կաշառք տվող էլ չկա»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

«Ելք»-ը վստահ է՝ սա այն ծրագիրը չէ, որը ԿԸՀ-ն հակաօրինական որակի։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ թող փորձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG