Մատչելիության հղումներ

«Անվտանգության գոտիներում հրադադարը ռուսներն են հսկելու»


Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալեմ, արխիվ
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալեմ, արխիվ

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմն ասել է, որ երկրի տարածքում սահմանվող անվտանգության գոտիներում հրադադարի ռեժիմը երաշխավորելու են միայն ռուսները, այլ ոչ թե ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային ուժեր:

Նրա խոսքերով, Դամասկոսի համար այլ տարբերակներ ընդունելի չեն, ոչ մի ուրիշ ուժ չի ստանա հրադադարի պահպանումը ստուգելու, մարդասիրական օգնության բաշխումը հսկելու և անվտանգության գոտիներում այլ զարգացումների հետևելու հնարավորություն:

«ՄԱԿ-ի ուժեր չեն լինի, Ռուսաստանը որպես երաշխավոր հավաստիացնում է, որ գոտիներում կտեղակայվի ռազմական ոստիկանություն և կիրականացվի հսկողություն, ուստի, ՄԱԿ-ը կամ միջազգային ուժեր այդ շրջաններում դեր չունեն», - ասել է Մուալեմը:

Սիրիայում լարվածության թուլացման գոտիներ սահմանելու համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ Աստանայում՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի, սիրիական ընդդիմության որոշ խմբերի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում:

Սիրիայի հիմնական ընդդիմադիր խմբավորումը լուրջ վերապահումներ ունի գործարքի հարցում, պնդելով, որ Իրանը չի կարող հանդես գալ որպես հրադադարի ապահովման անկողմնակալ համաերաշխավորող:

Համաձայնությունն անցած շաբաթավերջից ուժի մեջ է և, ըստ Սիրիայից ստացվող հաղորդագրությունների, հիմնականում պահպանվում է:

Ասադին սատարող Ռուսաստանը և Սիրիան, ինչպես նաև ընդդիմությանը սատարող Թուրքիան հայտնել են, որ պատրաստ են ստորաբաժանումներ տեղակայել անվտանգության գոտիներում, ինչը կնշանակի տարածաշրջանային երեք տերությունների համագործակցության աննախադեպ բարձր աստիճան:

Ռուսաստանը ՄԱԿ-ին չի դիմել անվտանգության գոտիներում միջամտելու և որևէ դերակատարում իրականացնելու կոչով, բայց փոխարենը Անվտանգության խորհրդին առաջարկել է բանաձևով հավանություն տալ անվտանգության գոտիների գաղափարին:

Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ, ՄԱԿ-ում Ուրուգվայի դեսպան Էլբիո Ռոսելին ասել է, որ անդամները հիմա քննարկում են բանաձևի խնդիրը: Միացյալ Նահանգները չի ստորագրել լարվածության թուլացման համաձայնությունը:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը երեկ ասել է, որ Վաշինգնոնում ուշադրությամբ վերլուծելու են այդ համաձայնությունը:

«Սատանան մանրուքներում է, չէ՞: Մենք պետք է ստուգենք դրանք, հասկանանք, թե արդյոք կարո՞ղ ենք աշխատել համաձայնության հետ, արդյոք այն արդյունավե՞տ կլինի: Կարո՞ղ ենք այն կյանքի կոչել: Այլ կերպ ասած, դեռ կան որոշումներ, որոնք մի շարք երկրներ պետք է կայացնեն այդ խնդրի համակարգման և իրականացման նպատակով: Դեռ շատ աշխատանք կա, որոշ մանրամասների մասին չեմ կարող խոսել, մարդիկ ունենք, որ տեղում դա շատ ուշադիր վերլուծում են», - ասել է Մատիսը:

Վաղը Վաշինգտոնում պետք է հանդիպեն Ամերիկայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ռեքս Թիլերսոնը և Սերգեյ Լավրովը, Սիրիայի հարցն ու մասնավորապես անվտանգության գոտիների հսկումը անպայման կլինի նրանց քննարկումների օրակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG