Հաջորդ խորհրդարանում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի ղեկավար պաշտոններում իր թեկնածուների հարցը, ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, կքննարկի Երևանի ավագանու ընտրություններից հետո:
Մամուլն այս օրերին խորհրդարանի խոսնակի տարբեր թեկնածուների մասին է գրում․ Էդուարդ Շարմազանովի, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, մոսկվայաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի անուններն են շրջանառվում:
Շարմազանովն ասաց, որ անձամբ ինքը թեկնածություն չի առաջադրելու:
Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորներն այսօր տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էին պատասխանել հարցին, թե ում կուզեն տեսնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:
Նորընտիր խորհրդարանն իր գործունեությունը կսկսի մայիսի 18-ին, օրակարգգում կլինեն նաև Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրությունների հարցերը:
Գագիկ Մինասյան․ - «Շատ կարևոր հարցեր են, բայց այսօր Եռատոնից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չարժի խոսել»:
«Չեմ կարծում, որ էսօր ճիշտ դրա օրն ա, դրա մասին մտածելու ժամանակն ա», - ասաց Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ շատերին է տեսնում այդ պաշտոնում․ - «Բայց չէի ուզի հիմա որևէ անուն շոշափել»:
«Քաղաքական թեմաներով կխոսենք վաղը-մյուս օրը․․․ Երբ որ քննարկում կլինի կառաջարկենք», - իր հերթին նշեվ իշխող ուժի մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, թե «բոլորի կարծիքը հաշվի է առնվում»:
Իսկ հարցին, իրենք ում թեկնածությունն են առաջարկելու, Մելիքյանն արձագանքեց․ - «Կարծում եմ, դա գաղտնիք է»:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բացահայտեց կուսակցությունում քննարկումների ընդունված կարգը․ - «Մեր կուսակցությունում կարգ գոյություն ունի․ ղեկավար մարմինը ղեկավարի նախաձեռնությամբ և առաջարկով, քննարկում ա և որոշում ա կայացնում: Առաջարկը հնչում է կուսակցության ղեկավարից, քննարկվում են և որոշումները կայացվում են»:
Հերմինե Նաղդալյանը հերքեց տեղեկությունները, թե առաջիկայում կարող է նշանակվել Վրաստանում ՀՀ դեսպան, բայց անպատասխան թողեց ԱԺ փոխնախագահի պաշտոնը պահել-չպահելու հարցը:
Նաև կա միհանձնաժողով,որում տիկին Նաղդալյանը շատ կցանկանար ընդգրկվել․ - «Ֆիզկուլտուրայի և սպորտի: Օրինակ, Դուք չէի՞ք աշխատի էդ հանձնաժողովում: Շատ լավ կվազեի քեզ հետ միասին»:
Դիտարկմանը, թե այդպիսի հանձնաժողով չկա, արձագանքեց․ - «Կարող ա ստեղծենք, եթե տենց շատ ուզում եք ինձ ինչ-որ մի տեղ տեսած լինեք, աշխատանքի տեղավորեք, իմ խնդիրները լուծեք»:
ԱԺ-ի նախագահի պաշտոնում վարչապետի համար ընդունելի է մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Տաշիրից ընտրված պատգամավորը հարցազրույցներից մեկում չէր թաքցրել՝ լինելու է Հովիկ Աբրահամյանին փոխարինած կառավարության նոր ղեկավարին «օգնողներից մեկը»:
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջիկա օրերին կոալիցիոն հուշագիր կստորագրեն: Կարեն Կարապետյանը վստահեցնում էր, որ դաշնակցական նախարարների հետ հակասություններ չունի: Նրանք էլ պնդում էին, թե խնդիր չունեն վարչապետի հետ:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ցանկանում է մնալ իր պաշտոնին: Նա, հիշեցնեմ, մանդատից հրաժարված դաշնակցականների թվում էր․ - «Ես ուզում եմ, որպեսզի շարունակեմ այդ բարեփոխումները»:
Դաշնակցության գերագույն մարմինը ԱԺ ղեկավար պաշտոններում թեկնածուների հարց չի քննարկել, բայց Կրթության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով, խորհրդարանի նախագահի թեկնածունին կառաջադրի Հանրապետականը․ - «Մեծամասնությունը առաջադրում է խոսնակին, այնուհետև բանակցային ձևով, կոալիցիոն ձևով կճշվի նաև պառլամենտում ձևաչափը»:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացառեց իշխանության թեկնածուին պաշտպանելու հնարավորությունը․ - «Մենք մեր թեկնածուներին կունենանք, մեր այլընտրանքները կներկայացնենք, և իշխանության ներկայացրած թեկնածուներին թող իշխանությունն էլ քվեարկեն»:
Մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժի՝ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Ազգային ժողովի ղեկավար պաշտոններում թեկնածուների հարց չեն քննարկել: