Իշխանությունների կյանքի իմաստն ու նպատակն էր, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանկարծակի Ազգային ժողովում չհայտնվի, իրենք այդ նպատակին հասան, այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանը։
«Ճիշտ է, ի՞նչ գնով՝ ընտրակեղծարարության գնով, բայց ասեմ ձեզ՝ պարտությունը ընտրակեղծարարության հետևանքով ես չեմ համարում ինչ-որ մի կորուստ։ Դա իրականում պարտություն չէ։ Մաքուր ընտրություններում մի օր պայքարենք, տեսնենք, թե իրենցից ինչ է մնում, և այդ օրը կգա, երբ որ մենք մաքուր ընտրություններում, հավասար պայքարում իրենցից բան չենք թողնի, կջախջախվեն», - հայտարարեց Զուրաբյանը։
Անդրադառնալով ՀԱԿ-ի հետագա գործունեությանը, Զուրաբյանն ասաց. - «Մեր օրակարգը նույն է, և մենք հասնելու ենք հաղթանակին, որովհետև մենք թույլ չենք տա, որ մեր ժողովուրդն էսպիսի վիճակում հայտնվի՝ թաղված կոռուպցիայի մեջ, երբ որ չեն թողնում մարդկանց աշխատել, երբ որ բոլոր արդարադատության սկզբունքները քայքայված են, մարդիկ ուղղակի պետական որևէ ինստիտուտների նկատմամբ կորցրել են հավատը և արտագաղթում են։ Մենք չենք թողնի, որ ժողովուրդը մնա այս վիճակում»։