«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի գնահատմամբ՝ իշխանությունները հնարավորինս ծանրացնում են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքները՝ «հագի նման պահելով ներկա վարչակարգի հակառակորդների գխին՝ իրենց ձեռնտու ժամանակ այդ չակերտավոր դատական վճիռներն արձակելու նպատակով»։
«Պարզ է, որ հնարավորինս մեծ կշիռ փորձել տալու նպատակ է հետապնդում՝ հնարավորինս մեղադրանքներն ավելացնել, չնայած այնտեղ՝ ո՛չ մի դեպքում, ո՛չ մյուս դեպքում մեղադրանքները ապացուցված չեն և դժվար ապացուցվեն, այնտեղ զանգվածային անկարգությունների ոչ մի ապացույց չկա։ Այս ամեն ինչը մեկ նպատակ է հետապնդում՝ ինչպես միշտ եղել է՝ հնարավորինս ծանրացնել մեղադրանքները և հագի նման պահել ներկա համակարգի, վարչակարգի հակառակորդների գխին, իրենց ձեռնտու ժամանակ, իրենց ձեռնտու չափով այդ չակերտավոր դատական վճիռներն արձակելու նպատակով։ Ինչ չափով նրանք կօգտագործեն այդ բոլոր մեղադրանքները` դա կախված կլինի և' իրենց՝ իշխանությունների իրենք իրենց հանգիստ զգալու աստիճանի հանգամանքից, և' նաև քաղաքական իրադրությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ենիգոմշյանը։
Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի գործը մայիսի 4-ին ուղարկվեց դատարան։ Ըստ դատախազության, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը 2015 թվականի նոյեմբերից ստեղծել ու ղեկավարել է զինված խումբ՝ նպատակ ունենալով «զենքի գործադրմամբ, քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ, շենքեր, շինություններ զավթելու միջոցով, պետությանը որոշակի գործողություններ հարկադրել»։
Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվել էր նաև 2015 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Հետագայում այս երկու գործերը միացվեցին։
Նշենք, որ մայիսի 14-ի Երևանում տեղի կունենան ավագանու և քաղաքապետի ընտրությունները։ Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանը, ընդդիմադիր ուժերից «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ու «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանը։
«Ազատության» հարցին, թե որևէ ձևով «Հիմնադիր խորհրդարանը» որևէ կոչով կդիմի՞ երևանցիներին, Ենիգոմշյանը պատասխանեց. - «Բոլորիս համար պարզ է, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին։ Այն բոլոր կանխատեսումները, նախատեսումները, որ մենք, մեր ընկերներից ոմանք շատ ավելի մանրամասն կերպով արել էին, ապացուցվեց նրանց ճշմարտացիությունը, ճշմարտությունը այդ կանխատեսումների, և այդ առումով ոչ մի փոփոխություն չի կարող լինել նաև ավագանու ընտրությունների պարագայում։ Հայաստանում, ցավոք, չկա ընտրական գործընթաց։ Ժողովրդավարություն ասվածն, ինչքան էլ որ եվրոպական դիտորդները կամ այլոք ասեն, որ՝ «այո,՛ տեխնիկապես կամ մեթոդաբանությամբ ճիշտ ընտրություններ էին և այլն», ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրություններ չկան, չեն եղել՝ ո՛չ ապրիլի 2-ից առաջ, ո՛չ ապրիլի 2-ին և, ցավոք, չեն էլ լինելու այս ամսվա մայիսի 14-ին՝ ավագանու ընտրություններին։ Այս իմաստով, հետևաբար, մեր մոտեցումների մեջ ոչ մի փոփոխություն չկա»։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամը նշեց, որ իրենք երկար ժամանակ համագործակցել են Զարուհի Փոստանջյանի հետ, հարգում են իրեն, նրա նկատմամբ համակրանքը շարունակվում է, և հույս ունեն, որ ապագայում կհամագործակցենք։ «Բայց կոնկրետ այս ընտրական գործընթացում մենք հատուկ մասնակցության կոչ չենք արել և չենք անի», - ասաց Ենիգոմշյանը։