Հայաստանում այսօր նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը, Լեռնային Ղարաբաղում` մայիսյան Եռատոնը։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորական ուղերձներ են հղել մայիսյան տոների կապակցությամբ։
Սերժ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են: Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը նրանց հանդեպ: Նաև առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի և զարգացման հեռանկար։
Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Թե՛ մեր ռազմիկները կռվի դաշտում, թե՛ մեր աշխատավորները թիկունք դարձած Հայաստանում, թե՛ մեր հայրենակիցները սփյուռքում պատվով բռնեցին այդ քննությունը: Դա մեզ համար իրապես դարձավ Հայրենական մեծ պատերազմ: Մենք աշխատեցինք մեր ուժերի չափով, իսկ երբեմն մեր ուժերից վեր սխրանքներ գործեցինք՝ մոտեցնելով հաղթանակն ու բաղձալի խաղաղությունը:
1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլև Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործությունը և դրա ամբողջական պատմական նշանակությունն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատվել և վերլուծվել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու»։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ սա մարդատյաց քարոզչության և բռնության դեմ պայքարի ելածների և այդ պայքարում հաղթած հերոսների տոնն է: «Անմահները մեր շարքերում են, և սա բոլորիս տոնն է: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք», - ասել է Հայաստանի նախագահը։
Արցախյան ազատամարտը, ըստ Բակո Սահակյանի, դարձել է հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` լրացնելով հերոսամարտերի շարքը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ, փառավոր հաղթանակներ, որոնք մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քառուղիներում իր քաջ զավակների ցուցաբերած արիության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ:
Մեր լեգենդար հայրերի ու պապերի սխրանքը Հայրենական մեծ պատերազմում, նրանց ապրած կյանքը միշտ հպարտություն են պարգևել մեզ և ուղենիշ հանդիսացել մեզ համար` առաջնորդելով դեպի նոր հաղթանակներ: Մենք ազատագրել ենք Շուշին` աչքի առաջ ունենալով հենց նրանց հերոսական օրինակը, որն անսասան հավատ է ներշնչել մեզ սեփական ուժերի և արդարության հաղթանակի հանդեպ, սովորեցրել լինել տոկուն ու հաստատակամ, մաքառող ու նպատակասլաց:
Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` լրացնելով մեր հերոսամարտերի շարքը:
Այսօր մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետև ունենք նաև արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը և հարազատ ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից: Նրանք մեծագույն արժանապատվության զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը` պատմության մեջ թողնելով անձնվիրության նոր օրինակներ:
Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին` Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Մենք բոլորս միասին ենք կերտել մեր նվիրական Եռատոնը, միասին ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին ենք հարթել մեր հաղթական ուղին: Այդպես եղել է և այդպես կլինի ընդմիշտ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք», - իր շնորհավորական ուղերձում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
Մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մարդկանց հոգիները, իր հերթին ասել է Գարեգին երկրորդը՝ իր օրհնությունն ու շնորհավորական ուղերձը հղելով ժողովրդին։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին՝ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման ցնծաբեր օրերի առիթով:
Մայիսյան այս եռատոն խորհուրդն ու տոնակատարությունները կրկին բերկրանքով են լցնում մեր հոգիները: Այսօր անդրադառնում և վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած այն շոշափելի ջանքերը, որոնք նպաստեցին Մեծ Հայրերանական պատերազմում հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը: Արցախյան ազատագրական պայքարում այս հաղթական օրը մեր հերոս զավակները անկոտրում կամքով ու քաջարի ոգով ազատագրեցին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և ազգային մեր մշակույթի նշանավոր կենտրոն Շուշի քաղաքը: Այդ որոշիչ օրերին կազմավորվեց նաև Արցախի ապահովության և խաղաղության երաշխիք հանդիսացող Պաշտպանության բանակը:
Այսօր, հակառակ մեր ժողովրդի խաղաղասեր ոգու, շարունակում է առաջնային մնալ հարձակումներից մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Պատերազմական այս մարտահրավերների առջև մենք պարտավորված ենք ազգային համախմբվածության, մեզ համար հրամայական է հայրենիքի շենացումը ու մեր անվտանգության գրավական հանդիսացող հայոց բանակի զորացումը:
Մեր աղոթքն ու հայցն է առ Աստված, որպեսզի Բարձրյալ Տերը լուսեղեն երկնային հարկերում հանգստություն շնորհի հայրենիքի համար զոհված մեր հերոս զավակների հոգիներին, խաղաղություն պարգևի համայն աշխարհին, զորացնի և ապահովության մեջ պահի հայրենի մեր պետականությունը և մեր ժողովրդին այժմ և հավիտյանս. ամեն», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում:
Հաղթանակի և խաղաղության տոն առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանն ու 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
Նշենք, որ այսօր առավոտից Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակից վերսկսվել են դեռ երեկ մեկնարկած տոնական միջոցառումները, որոնց մասնակցում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, ռազմական և հոգևոր վերնախավը։
Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցադրությունից հետո շքերթի մասնակիցները քայլերթով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։ Այնուհետև Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պատվիրակությունները կայցելեն Շուշի, ծաղիկներ կդնեն Վազգեն Սարգսյանի հուշահամալիրին, մինչև երեկոյան ժամը 17-ը Շուշիում կլինեն տարբեր միջոցառումներ։
Տոնական միջոցառումները կամփոփվեն այսօր երեկոյան Ստեփանակերտի հրապարակում նախատեսված մեծ համերգով և հրավառությամբ։